Աշխարհ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

2 րոպեի ընթերցում

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Սեուտայում տեղի ունեցած ճգնաժամից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել խստացնել սահմանային հսկողությունը և արգելապատնեշներ տեղադրել ԵՄ արտաքին սահմանների առավել խոցելի հատվածներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին ֆոն դեր Լայենն ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղղված նամակում

Սանչեսը ԵՄ-ում իր մի շարք գործընկերների մեղադրել է Սեուտայում տեղի ունեցած միգրացիոն ճգնաժամն իր կառավարության դեմ հարձակվելու նպատակով օգտագործելու մեջ։ Օրեր առաջ երրորդ երկրների մոտ 60 000 քաղաքացի հատեց իսպանական Սեուտա անկլավի սահմանը՝ արձանագրելով Եվրոպայում նման կարճ ժամանակահատվածում տեղի ունեցած սահմանի ամենազանգվածային հատումը։ Մի քանի օր անց միգրանտների մեծ մասը վերադարձավ Մարոկկո, և իրավիճակն անկլավում կրկին համեմատաբար հանդարտվեց։

Սեուտայի ​​տեղական իշխանությունները հայտնել են, որ սահմանը հատելու փորձի ժամանակ առնվազն 72 մարդ է զոհվել։ Թեև Սեուտան գտնվում է աֆրիկյան մայրցամաքում, և միգրանտներից ոչ մեկը չի հասել Եվրոպայի մայրցամաքային հատված, սահմանից ստացված կադրերը սուր արձագանք են առաջացրել եվրոպական կառավարությունների ու Եվրոպական հանձնաժողովի շրջանում։

Սանչեսը քննադատության արժանացավ եվրոպական այլ կառավարությունների կողմից՝ ճգնաժամի կառավարմանն առնչվող իր գործողությունների համար, մինչդեռ Իսպանիայի ղեկավարն ինքը մեղադրեց իր գործընկերներին եսասիրաբար գործելու, հասարակությունը պառակտելու և օրենքը խախտելու մեջ։

«Այս միջադեպը հստակ ցույց տվեց, որ մենք պետք է ավելին անենք՝ առանցքային կետերում մեր սահմաններն ավելի ամրապնդելու ուղղությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկական արգելապատնեշների տեղադրման միջոցով», - իր նամակում գրել է ֆոն դեր Լայենը։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում