Տնտեսություն

Կառավարությունը երկարաձգել է ջերմատնային ապրանքների արտահանման փոխհատուցումը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը երկարաձգել է ջերմատնային ապրանքների արտահանման փոխհատուցումը

Հայաստանի կառավարությունը հուլիսի 30-ի նիստում որոշել է ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար նախատեսված փոխհատուցումը տրամադրել նաև 2026 թվականի օգոստոսին։ Փոխհատուցվող ապրանքների ցանկը համալրվել է պալերմո տեսակի պղպեղով և սմբուկով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նպատակն է արտահանման շուկաներում ապահովել հայկական ջերմատնային արտադրանքի մրցունակությունը և նպաստել արտահանման ծավալների աճին։

Օգոստոսին արտահանված ապրանքների համար տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ փոխհատուցումը․ ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 275 դրամ, չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 400 դրամ, պղպեղի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 400 դրամ,  պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 500 դրամ, սմբուկի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 200 դրամ, ծաղկի յուրաքանչյուր հատի համար՝ 37 դրամ։

Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ծաղկի յուրաքանչյուր հատի համար կտրամադրվի 50 դրամ փոխհատուցում։

2026 թվականի հունիսի 1-ից հուլիսի 23-ն արտահանվել է շուրջ 1526 տոննա պղպեղ, 770 տոննա լոլիկ, 213.4 տոննա ելակ, շուրջ 5.8 միլիոն հատ և 58 տոննա ծաղիկ։

Միայն հուլիսին՝ ամսի 23-ի դրությամբ, արտահանվել է շուրջ 742 տոննա պղպեղ, 562 տոննա լոլիկ, 104.4 տոննա ելակ, շուրջ 2.3 միլիոն հատ և 23 տոննա ծաղիկ։

Նշված ժամանակահատվածում ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը։ Հայկական ծաղիկներ արտահանվել են 26, միրգ՝ 19, իսկ բանջարեղեն՝ 8 երկիր։

Կառավարության կանխատեսմամբ՝ օգոստոսին աջակցության միջոցառման շրջանակում կարտահանվի շուրջ 150 տոննա ելակ, 4100 տոննա բանջարեղեն և 5.2 միլիոն հատ ծաղիկ։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ օդային ճանապարհով ապրանքներ արտահանելու դեպքում փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ներառվել է նաև օդային փոխադրումը հաստատող բեռնագիրը՝ Air Waybill-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում