Ալիևը հայտարարել է, որ Բաքվում քննարկվել է ոչ միայն ԵԽԽՎ-ում գործունեության կասեցման, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը
1 րոպեի ընթերցում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի իշխանությունները լրջորեն քննարկել են ոչ միայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի գործունեությունը կասեցնելու, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ադրբեջանում անցկացվող մեդիաֆորումի բացման ընթացքում Ալիևը նշել է, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն իրեն խնդրել է չշտապել նման որոշման հարցում և ժամանակ տալ իրավիճակը բարելավելու համար։
«Ես առայժմ հետաձգել եմ այդ որոշումը։ Սակայն, ցավոք, այդ ժամանակից ի վեր որևէ առաջընթաց չի գրանցվել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը շարունակում է Ադրբեջանի նկատմամբ առաջադրել, իր գնահատմամբ, «անընդունելի և վերջնագրային պահանջներ»։
«Հարաբերությունները մենք չենք փչացրել, դա արել են նրանք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։