Քաղաքականություն

Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք․ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք․ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և առաջիկայում հնարավոր է արձանագրել նոր առաջընթաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նախարարն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։

 

«Թուրքիայի հետ մեր երկխոսությունն է շարունակվել, տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումներ, մի շարք այլ հանդիպումներ»,-ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջիկայում հնարավոր են շոշափելի արդյունքներ։

«Իմ ակնկալիքը և կարծիքն այն է, որ շատ մոտ ապագայում մենք ինչ-որ փուլում շոշափելի առաջընթաց կունենանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով»,-նշել է նախարարը։

Միրզոյանը նաև վստահություն է հայտնել, որ կարգավորման գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին։

«Ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում, ըստ էության, ամբողջական կարգավորում կունենանք»,-հայտարարել է նա։

Արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ երկու երկրների միջև արդեն գոյություն ունի ուղիղ առևտուր։

«Միայն վերջին իրադարձությունը նշեմ։ Չնայած այն չի վերաբերում հաշվետու ժամանակահատվածին, մենք այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև ունենք ուղիղ առևտուր՝ մաքսային իմաստով ուղիղ, աշխարհագրորեն, թեև դրանք դեռևս տեղի են ունենում երրորդ երկրների տարածքով»,-ասել է Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում