«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ձերբակալվել է կրկնակի քվեարկության փորձ կատարելու համար
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ժամը 08:19-ին թիվ 20/56 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Ս.-ն կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը «կրկնակի քվեարկության փորձ» գրառմամբ կտրոն է տպել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ Ա․Ա․-ն ձերբակալվել է։
«Ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից կտրոնը վերցվել է ԿԸՀ ներկայացնելու համար, որից հետո Ա.Ս.-ն դուրս է հրավիրվել ընտրատարածքից և ներկայացվել է ոստիկանության ծառայողին:
Ա.Ս.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է»,– նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-214-րդ հոդվածի 1-ին մասով (մեկից ավելի անգամ քվեարկելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնել էին, որ արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։