ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր
3 րոպեի ընթերցում
Հայաստանի կառավարությունն ընդունել է ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանողներին աջակցելու ծրագիրը՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծումը սահմանափակելու ֆոնին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում աջակցության ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Էկոնոմիկայի նախարարության շարունակական նպատակն է շուկաների դիվերսիֆիկացումը, մեկ շուկայից կախվածության նվազեցումը և հայկական ապրանքների դիրքավորումը համաշխարհային շուկայում։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում աջակցել հայ տնտեսավարողներին՝ դիվերսիֆիկացնելու շուկաները և ձևավորելու մատակարարման նոր շղթաներ»,-ասել է նա։
Խոջոյանի տեղեկատվությամբ՝ աջակցության ծրագիրը ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառում է, որի շրջանակում որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար աջակցություն։ Այդ շրջանակում, մասնավորապես, ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար սահմանվել է 770 դրամ, լոլիկի 1 կիլոգրամի համար՝ 275 դրամ, պղպեղի՝ 400 դրամ և ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ աջակցություն։
Փոխնախարարը պարզաբանել է, որ ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական, ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում։
«Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագրի շրջանակում հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 միլիոն ծաղիկ։ Աջակցության միջոցառման ժամկետը սահմանված է մեկ ամիս՝ անհրաժեշտության դեպքում վերանայելու սկզբունքով»,-մանրամասնել է Խոջոյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավաստիացրել է, որ միջոցառումն առաջինն է, որին մոտ ժամանակներում կհետևեն աջակցության այլ ծրագրեր՝ տարածվելով նաև մրգերի, գինու, կոնյակի ու հանքային ջրերի արտահանման վրա։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ տեղեկացրել է, որ այս պահին քննարկումներ կան որոշ երկրների հետ, որպեսզի նրանք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի արտոնություններ տրամադրեն հայկական ընկերություններին։ Միրզոյանի խոսքով՝ սա ևս լրացուցիչ աջակցություն կլինի Հայաստանից արտահանում իրականացնող տնտեսավարողների համար։
Ռուսաստանը վերջին շրջանում պարբերաբար սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների ներմուծման վրա։ Մասնավորապես, Ռուսաստանն արգելել է Հայաստանի ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման վրա։