4 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իրենց կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել, քաղաքականությամբ էլ զբաղվում են ուրիշների հովանավորության ներքո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետն այդ մասին ասել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ծովակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Այդ մարդիկ (խմբ. նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին), որ այսօր ուզում են հանդես գալ ուժեղի կամ հզորի դերում, իրենց կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել։ Նրանք իրենց ողջ գործունեությունը ծավալել են հովանավորների ներքո և այսօր էլ այդպես է։ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն չի մտել քաղաքականություն։ Դեռ 2023 թվականին բացահայտվել է օտար երկրին ուղղված նրա խնդրանք-աղերսանքը, որ ինձ մտցրել եք քաղաքականություն, հիմա խնդրում եմ՝ դուրս հանեք։ Նա այսօր քաղաքականությամբ զբաղվում է, որովհետև իրեն թույլ չեն տալիս քաղաքականությունից դուրս գալ։ Եվ, այո, նա դուրս չի գալու ոչ միայն քաղաքականությունից, այլ նաև Հայաստանից, նա այս ընտրություններում մինչև քոք մաշվելու է ու այդպես մաշված էլ հայտնվելու է բանտում։ Մենք համբերատար սպասել ենք, բայց Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է արմատախիլ արվի, որովհետև 8 տարի թևերը փռել են Ծառուկյանի վրա, Քոչարյանի վրա, կալուգացի Սամոյի կլանի վրա։ Նրանք պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում, և Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է ջախջախվի»,- հայտարարել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հայտարարել է նաև, որ Գագիկ Ծառուկյանը ուրիշի հանձնարարությամբ օտարերկրյա գործակալին դրել է իր կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար։ Փաշինյանը նկատի ունի «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ-ի ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին, որին մեղադրանք է առաջադրվել լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Անդրանիկ Թևանյանն այս պահին կալանավորված է, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Նա իմացել է, որ գործակալի է դնում երկրորդ համար, ինքն էլ օտարերկրյա գործակալ է։ Եվ ով նրան ձայն տվեց, ձայն է տալիս օտարերկրյա գործակալներին։ Հստակ ասում եմ՝ այդ մարդը իր կյանքում ոչ մի ինքնուրույն բան չի ասել։ Մուսկուլներին մի նայեք, դրանք փոքրիկ երեխաներ են, որոնք պապաների կարիք ունեն։ Նրանք այսօր դրսում են պապաներ փնտրել և գտել, որովհետև ես հրաժարվել եմ նրանց պապայություն անել։ Եվ մենք պետք է նրանցից հատիկ-հատիկ հետ բերենք թալանված ամեն կոպեկը՝ Ծառուկյանից, Քոչարյանից, կալուգացուց»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ սա չի ասում ապագայի համար, քանի որ այսօր արդեն դա տեղի է ունեցել և տեղի է ունենում։
Փաշինյանը հստակեցրել է, որ վերջին 8 տարիներին Հայաստանի իշխանությունը շուրջ 8 միլիարդ դոլարի գույք և ֆինանսական միջոցներ տարբեր մեխանիզմներով վերադարձրել է ժողովրդին։
Նա նաև նշել է, որ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների կողմից շրջանառվող թեզը իբր Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակվելու մասին այդ ուժերի կողմից լրտեսական գործունեության դրսևորում է։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ այդպիսի թեմա չի եղել, չկա և չի լինի։