Աշխարհ

Բելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է Կիև

2 րոպեի ընթերցում

Բելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է Կիև

Բելառուսի ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրավերով մայիսի 25-ին ժամանել է Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բելառուսական ընդդիմադիր Zerkalo պարբերականը։

Սա Տիխանովսկայայի առաջին այցն է Ուկրաինա։

Նախատեսված է, որ Տիխանովսկայան հանդիպումներ կունենա Ուկրաինայի ղեկավարության հետ։ Նա նաև կմասնակցի Քաղաքների և տարածաշրջանների միջազգային գագաթնաժողովին։ Այս ամենամյա միջոցառումը, որը Ուկրաինայի նախագահին կից տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի մաս է կազմում, նպատակ ունի միջազգային աջակցություն ներգրավել երկրի վերականգնման համար։

Ավելի վաղ Սվետլանա Տիխանովսկայան դատապարտել է Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա անօդաչուներով և հրթիռներով Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարձակումը՝ նշելով, որ «ահաբեկչությունը հովանավորվում է Լուկաշենկոյի ռեժիմի կողմից»։

Նա համերաշխություն է հայտնել ուկրաինացիներին և վստահություն հայտնել նրանց հաղթանակի վերաբերյալ։ Զելենսկին իր հերթին հրապարակավ շնորհակալություն է հայտնել նրան աջակցության համար։

Մայիսի 22-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, մեկնաբանելով Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Զելենսկու հետ հանդիպելու առաջարկը, հայտարարել էր Տիխանովսկայայի առաջիկա այցի մասին՝ նշելով, որ Կիևն «ունի մեկին, որի հետ կարող է խոսել Բելառուսին վերաբերող բոլոր հարցերի շուրջ»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս տարվա հունվարի վերջին Վիլնյուսում Տիխանովսկայայի հետ առաջին երկկողմ հանդիպման ժամանակ հրավիրել էր նրան Ուկրաինա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում