Նոր փոփոխություններ հարկային օրենսգրքում. ձևական «հետվաճառքների» անհրաժեշտություն այլևս չկա
7 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը վերջերս ընդունել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթ, որով բիզնեսներին հնարավորություն է տրվում ապրանքների վերադարձը ձևակերպել վերադարձի տրամաբանությամբ՝ առանց ձևական «հետվաճառքների» կիրառման»։
Փոփոխության անհրաժեշտության դրա գործնական ազդեցության և բիզնեսի համար հնարավոր օգուտների մասին զրուցել ենք Team2B հաշվապահական ընկերության տնօրեն Վլադիմիր Շատվերովի հետ։
-Պարոն Շատվերով, նախ փորձենք պարզ հասկանալ՝ ի՞նչպիսին էր նախկին կարգավորումը և կոնկրետ ի՞նչ է փոխվում հիմա ապրանքների վերադարձի մասով։
-Եթե շատ պարզեցված ներկայացնենք, նախկինում օրենսդրությունը ապրանքների վերադարձը դիտարկում էր բավականին սահմանափակ տրամաբանությամբ։ Այսինքն՝ վերադարձը հիմնականում թույլատրվում էր այն դեպքերում, երբ, օրինակ, ապրանքը թերի էր, վնասված էր կամ ուներ պիտանելիության ժամկետ։ Բայց իրական բիզնես հարաբերություններում վերադարձները հաճախ առաջանում են լրիվ այլ պատճառներով։
Օրինակ՝ կարող է խանութը չվաճառի նախատեսված ծավալով ապրանքը և պայմանավորվածության համաձայն վերադարձնի մատակարարին, կամ սեզոնի ավարտից հետո որոշ ապրանքներ հետ ուղարկվեն։ Շատ հաճախ նման պայմանավորվածությունները բիզնեսի բնական և նորմալ մաս են կազմում, հատկապես մեծածախ առևտրի, բաշխման և մանրածախ վաճառքի ոլորտներում։
Արդյունքում բիզնեսները ստիպված էին կիրառել այսպես կոչված «հետվաճառքի» տարբերակը։ Այսինքն՝ ապրանքը վերադարձնելու փոխարեն փաստաթղթերով ձևակերպվում էր այնպես, կարծես գնորդը նույն ապրանքը նորից վաճառում է մատակարարին։
Հիմա ընդունված փոփոխությամբ բիզնեսները կարող են վերադարձը ձևակերպել հենց վերադարձի տրամաբանությամբ՝ ճշգրտող փաստաթղթերի միջոցով՝ անկախ նրանից, թե վերադարձի պատճառը որն է։ Այսինքն՝ այլևս անհրաժեշտ չի լինելու ստեղծել ձևական «հետվաճառքներ», որպեսզի համակարգը տեխնիկապես աշխատի։
Կարծում եմ՝ սա կարևոր փոփոխություն է, որովհետև օրենսդրությունը ավելի մոտեցվում է իրական տնտեսական հարաբերություններին, և բիզնեսը հնարավորություն է ստանում իր գործարքները ձևակերպել ավելի բնական ու տրամաբանական ձևով։
-Իսկ ի՞նչ խնդիրներ էր այս իրավիճակը ստեղծում բիզնեսի համար։
-Ամենամեծ խնդիրը այն էր, որ հաշվապահական հաշվառմումը և ֆինանսական տվյալները սկսում էին կորցնել իրենց իրական բովանդակությունը։ Երբ վերադարձը ձևակերպվում էր որպես նոր վաճառք, ընկերության շրջանառությունը արհեստականորեն աճում էր, թեև իրական տնտեսական իմաստով վաճառք տեղի չէր ունեցել։
Բացի այդ, գործնականում հաճախ լինում են իրավիճակներ, երբ ապրանքի թերությունները հնարավոր չէ անմիջապես հայտնաբերել ընդունման պահին։ Որոշ դեպքերում դրա համար անհրաժեշտ է ժամանակ՝ ապրանքը վաճառքի հանելու, օգտագործելու կամ պահեստային գործընթացներում ստուգելու համար։ Սակայն նախկին կարգավորումները միշտ չէ, որ բավարար ճկունություն էին տալիս նման հարաբերությունները բնական ձևով կարգավորելու համար։
Մյուս կողմից՝ հաճախ առաջանում էին խնդիրներ ինքնարժեքի և վաճառքների հաշվառման հետ։ Օրինակ՝ բիզնեսը կարող էր ապրանքը վաճառել մեկ գնով, իսկ մնացորդը «հետվաճառքի» միջոցով վերադարձնել մեկ այլ գնով։ Սա ոչ միայն խեղաթյուրում էր հաշվապահական տվյալները, այլ նաև ստուգումների ժամանակ լրացուցիչ հարցեր էր առաջացնում, որովհետև անհրաժեշտ էր լինում բացատրել, թե ինչու է նույն ապրանքը հետ գնվել ավելի ցածր գնով։
Կային նաև դեպքեր, երբ մատակարարները պարզապես չէին ցանկանում կազմակերպել այդպիսի «հետգնումներ», քանի որ դա իրենց մոտ ևս հաշվապահական շեղումներ էր առաջացնում։ Արդյունքում որոշ մատակարարներ խուսափում էին փոքր և միջին բիզնեսների հետ նման պայմաններով աշխատելուց, կամ վերջիններս ստիպված էին ապրանքը գնել առանց վերադարձի իրավունքի, ինչը լրացուցիչ ռիսկեր էր ստեղծում հատկապես փոքր բիզնեսների համար։
Այս ամենը բարդացնում էր հաշվապահական հաշվառումը, ֆինանսական վերլուծությունը և ընդհանուր վարչարարությունը։

-Ինչպե՞ս այս հարցը հասավ օրենսդրական փոփոխությունների մակարդակի։
-Մենք Team2B-ում հաշվապահական ծառայություններ ենք մատուցում տարբեր ոլորտների և տարբեր չափերի բազմաթիվ ընկերությունների, և այս խնդիրը պարբերաբար հանդիպում էր մեր հաճախորդների մոտ։ Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ սա առանձին դեպք չէ, այլ համակարգային խնդիր է, որը խեղաթյուրում է հաշվապահական տվյալները և բարդացնում բիզնես գործընթացները։
Այդ պատճառով հարցը բարձրաձայնեցինք փոխվարչապետին կից գործող ՓՄՁ խորհրդում, որի անդամ եմ նաև ես։ Կարևոր է նշել, որ պետական մարմինների կողմից ևս կար կառուցողական մոտեցում։ Մասնավորապես՝ ՊԵԿ ներկայացուցիչները նույնպես արձանագրեցին, որ գործնականում գոյություն ունի խնդիր, որը պահանջում է լուծում։
Հետագայում տեղի ունեցան մի շարք աշխատանքային քննարկումներ, և արդյունքում ՊԵԿ-ի կողմից մշակված օրենսդրական փաթեթում ներառվեց նաև այս փոփոխությունը։
-Ի՞նչ է փոխվում հիմա բիզնեսի համար գործնական մակարդակում։
-Ամենակարևոր փոփոխությունը այն է, որ բիզնեսները վերջապես կարող են վերադարձի գործարքները ձևակերպել այնպես, ինչպես դրանք իրականում տեղի են ունենում։ Այսինքն՝ վերադարձը այլևս վերադարձ է, ոչ թե ձևական «հետվաճառք»։
Սա թույլ կտա ունենալ ավելի ճշգրիտ հաշվապահական տվյալներ, խուսափել ավելորդ շրջանառությունից և ավելի պարզեցնել ներքին գործընթացները։ Բացի այդ, ընկերությունները ավելի հեշտ կկարողանան վերլուծել իրենց իրական վաճառքները, վերադարձները և ապրանքային հոսքերը։
Այսօր բիզնեսը ճկուն և ակտիվ օրգանիզմ է, և օրենսդրությունը պետք է օգնի բիզնեսներին արդյունավետ օգտագործել ամբողջ գործիքակազմը, այլ ոչ թե ստիպի մշտապես հարմարվել բարդ ընթացակարգերին։ Կարծում եմ՝ այն մոտեցումը, որի դեպքում հարկային օրենսդրությունը հնարավորինս համապատասխանում է երկրում ձևավորված առողջ տնտեսական հարաբերություններին, երկարաժամկետ առումով թույլ կտա ավելի արդյունավետ աշխատել և՛ բիզնեսին, և՛ պետությանը։
-Կարո՞ղ ենք ասել, որ սա նաև բիզնես միջավայրի հասունացման մասին է խոսում։
-Կարծում եմ՝ այո։ Շատ կարևոր է, երբ օրենսդրությունը փորձում է ոչ թե ստիպել բիզնեսին հարմարվել արհեստական սահմանափակումներին, այլ հակառակը՝ հաշվի է առնում իրական տնտեսական հարաբերությունները և հարմարվում դրանց։ Այդպիսի փոփոխություններն են, որ երկարաժամկետ առումով ավելի առողջ և կանխատեսելի բիզնես միջավայր են ձևավորում։