Ես օգտագործել եմ այն բառապաշարը, որն իմ դեմ են օգտագործել. Փաշինյանը՝ քարոզարշավի ընթացքում իր խոսույթի մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իր կողմից կիրառվող կոշտ բառապաշարը պայմանավորված է ընդդիմադիր ուժերի հռետորաբանությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է մայիսի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողներից մեկը վարչապետին հիշեցրեց 2025 թվականի դեկտեմբերի 2-ի նրա գրառումը, որտեղ վերջինս նշել էր, որ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանելը պետք է ընկալել որպես հավատարմություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի կանոնագրքին։

Փաշինյանը՝ դիտարկմանն ի պատասխան, ասել է, որ ամեն ինչ չափ ու սահման ունի։

«Ես օգտագործել եմ այն բառապաշարը, որն իմ դեմ են օգտագործել»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ քաղաքական որոշ ուժեր շարունակում են նույն հռետորաբանությունը՝ առանց փաստարկների։

«Դրա համար ես ասում եմ, որ այդ հարցի լուծումը մեկն է՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը պետք է ուղղակի խորհրդարան չանցնեն»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի գնահատմամբ՝ նման խոսույթը չի կարող անվերջ շարունակվել առանց արձագանքի։

«Կարելի է մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, տաս անգամ, հարյուր անգամ, բայց դա չի կարող հավերժ շարունակվել։ Ես ասում եմ՝ այդ դոզան կուտակվելու է և հակադարձվելու է»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ չի պատրաստվում ամեն օր նման բառապաշար օգտագործել։

«Դուք կարող եք շատ կրթված լինել, կոռեկտ լինել, ձեզ համար ունենալ էթիկայի որոշակի կանոններ, բայց ինչ-որ պահ կա, որ ասեք՝ լավ, հասկացանք։ Այս աշխարհում մենակ ե՞ս ունեմ էթիկայի կանոնագիրք»,- նշել է վարչապետը։

Նա նաև հիշեցրել է, որ նախկինում առաջարկել է դադարեցնել նման խոսույթը, սակայն, ըստ նրա, այդ առաջարկը արձագանք չի ստացել։

2025 թվականին դեկտեմբերի Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի և մշակույթի զարգացման հարցում և այդ նպատակով ընդունել է էթիկայի կանոնագիրք։

«Երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»,- նշված էր վարչապետի գրառման մեջ։

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP