Քաղաքականություն

Ես օգտագործել եմ այն բառապաշարը, որն իմ դեմ են օգտագործել. Փաշինյանը՝ քարոզարշավի ընթացքում իր խոսույթի մասին

3 րոպեի ընթերցում

Ես օգտագործել եմ այն բառապաշարը, որն իմ դեմ են օգտագործել. Փաշինյանը՝ քարոզարշավի ընթացքում իր խոսույթի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իր կողմից կիրառվող կոշտ բառապաշարը պայմանավորված է ընդդիմադիր ուժերի հռետորաբանությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է մայիսի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողներից մեկը վարչապետին հիշեցրեց 2025 թվականի դեկտեմբերի 2-ի նրա գրառումը, որտեղ վերջինս նշել էր, որ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանելը պետք է ընկալել որպես հավատարմություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի կանոնագրքին։

Փաշինյանը՝ դիտարկմանն ի պատասխան, ասել է, որ ամեն ինչ չափ ու սահման ունի։

«Ես օգտագործել եմ այն բառապաշարը, որն իմ դեմ են օգտագործել»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ քաղաքական որոշ ուժեր շարունակում են նույն հռետորաբանությունը՝ առանց փաստարկների։

«Դրա համար ես ասում եմ, որ այդ հարցի լուծումը մեկն է՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը պետք է ուղղակի խորհրդարան չանցնեն»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի գնահատմամբ՝ նման խոսույթը չի կարող անվերջ շարունակվել առանց արձագանքի։

«Կարելի է մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, տաս անգամ, հարյուր անգամ, բայց դա չի կարող հավերժ շարունակվել։ Ես ասում եմ՝ այդ դոզան կուտակվելու է և հակադարձվելու է»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ չի պատրաստվում ամեն օր նման բառապաշար օգտագործել։

«Դուք կարող եք շատ կրթված լինել, կոռեկտ լինել, ձեզ համար ունենալ էթիկայի որոշակի կանոններ, բայց ինչ-որ պահ կա, որ ասեք՝ լավ, հասկացանք։ Այս աշխարհում մենակ ե՞ս ունեմ էթիկայի կանոնագիրք»,- նշել է վարչապետը։

Նա նաև հիշեցրել է, որ նախկինում առաջարկել է դադարեցնել նման խոսույթը, սակայն, ըստ նրա, այդ առաջարկը արձագանք չի ստացել։

2025 թվականին դեկտեմբերի Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի և մշակույթի զարգացման հարցում և այդ նպատակով ընդունել է էթիկայի կանոնագիրք։

«Երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»,- նշված էր վարչապետի գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում