Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան. Երևանում մեկնարկեց անասնաբույժի օրվան նվիրված համաժողով
4 րոպեի ընթերցում
Հայաստանում անասնաբույժի օրվա կապակցությամբ տեղի ունեցավ «Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան» խորագրով համաժողովը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն 7-րդ տարին է, ինչ Հայաստանում պաշտոնապես նշվում է Անասնաբույժի օրը, որին նվիրված միջոցառումն այս տարի կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից` «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի աջակցությամբ:
Համաժողովի պաշտոնական բացմանը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարևորեց անասնաբույժների կատարած աշխատանքը, որը, նրա բնութագրմամբ, միտված է պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու վերջնարդյունքում նաև հանրային առողջության պաշտպանությանը։
«Այս տարվա մեր կարգախոսը՝ «Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան», ըստ էության, դրա արտացոլումն է, որովհետև չի կարող լինել պատշաճ հանրային առողջություն, առողջապահություն՝ առանց կենդանական ծագման մթերքների ուղղությամբ պատշաճ վերահսկողության։ Այստեղ, իհարկե, շատ կարևոր նշանակություն ունի նաև կենդանիների առողջությունը, և այդ առումով մեր անասնաբույժների դերակատարումն ուղղակի անփոխարինելի է»,-ասաց Պապոյանը՝ նշելով, որ անասնաբույժների սոցիալական երաշխիքների ապահովումը գտնվում է պետության մշտական ուշադրության ներքո։
Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Վահե Սարգսյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը հանդիսանում է գործակալության առաջնահերթությունը և իրականացվող ծրագրերի զգալի մասն իրականացվում է հենց այդ ուղղությամբ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն էլ իր խոսքում անդրադարձավ կրթության ոլորտում գյուղատնտեսության ու անասնաբույժ մասնագետների պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
«Վերջին տարիներին մեր առաջարկության հիման վրա գյուղատնտեսության ոլորտը, որը ներառում է նաև անասնաբուժություն մասնագիտությունը, Կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտ՝ թե՛ մասնագիտական կրթության, թե՛ բարձրագույն կրթության տեսակետից»,-ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ անասնաբուժությունը ևս ներառված է պետության կողմից գերակա համարվող մասնագիտությունների թվում, որն ապահովում է մասնագիտական կրթության դեպքում ամսական 50 հազար դրամ, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ 70 հազար դրամի չափով կրթաթոշակ։ Սվաջյանի հավաստմամբ՝ սա իր լուրջ ազդեցությունն է ունեցել մասնագիտության նկատմամբ հետաքրքրության բարձրացման վրա։
Այնուհետև մասնագիտական օրվա առթիվ անասնաբույժներին շնորհավորեցին և նրանց աշխատանքն արժևորեցին Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Մկրտիչ Այվազյանն ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։
Բացմանը հաջորդեցին համաժողովի պանելային քննարկումները, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել մասնավորապես անասնաբուժության ոլորտի զարգացման հիմնական ուղղություններին ու մարտահրավերներին։
Գևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան
Արաքսյա Սվաջյան