Կառավարությունը երկարաձգում է անասնաբուծության ոլորտում ներդրումային ծրագրերի աջակցության ժամկետը
4 րոպեի ընթերցում
Կառավարությունը երկարաձգում է անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության փորձարարական ծրագրի ժամկետը՝ ներդրումների շարունակականությունն ապահովելու և առկա խնդիրները լուծելու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձարարական ծրագրի ժամկետի երկարաձգման նախագիծը։
Նախարարի խոսքով՝ ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին և ուղղված է խոշոր ներդրումների խրախուսմանը։
«Կառավարությունը 2022 թվականին կարևոր որոշում է ընդունել, որով խոշոր անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի դեպքում տրամադրվում է աջակցություն։ Սահմանամերձ հատվածներում ներդրումների նվազագույն շեմը 500 մլն դրամ է, ոչ սահմանամերձ հատվածներում՝ 1 մլրդ դրամ և ավելի, և կապիտալ ծախսերի 40 տոկոսի չափով վերադարձ է կատարվում»,- նշեց Պապոյանը։
Նա ընդգծեց, որ ծրագրի շրջանակում արդեն կան ինչպես հաջողված օրինակներ, այնպես էլ խնդիրներ, որոնք այժմ փորձում են լուծել։ «Ունենք ծրագիր, որը ամբողջությամբ իրականացվել է․ 11.7 մլրդ դրամ ներդրում է կատարվել, պետությունը տրամադրել է 2.3 մլրդ դրամ աջակցություն, սակայն արդեն իսկ վճարվել է շուրջ 2.4 մլրդ դրամ հարկ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ պետության տվածի և ստացածի հարաբերակցությունն արդեն դրական է։
Պապոյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում իրականացվում են նաև այլ խոշոր նախագծեր։ «Մեկ այլ չորս ներդրումային ծրագրերով իրականացվել է շուրջ 15.2 մլրդ դրամ ներդրում, այդ թվում՝ Սպիտակի և Արաքսի թռչնաֆաբրիկաները, իջևանյան «Բեկոն»-ը և տավարաբուծության ծրագիրը»,- նշեց նա։
Նախարարն ասաց, որ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացել են ժամկետների հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված վարչարարական գործընթացներով։
«Մասնավորապես՝ ՇՄԱԳ-ի, նախագծերի համաձայնեցման և շինարարության թույլտվությունների գործընթացներում եղել են ուշացումներ, ինչի պատճառով ներդրումային ծրագրերը դուրս են մնացել նախանշված ժամկետներից»,- ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ այս խնդիրների լուծման համար առաջարկվում է ծրագրի ժամկետը երկարաձգել։ «Առաջարկում ենք ծրագրի ժամկետը երկարաձգել ևս 1.5 տարով, որպեսզի արդեն սկսված ծրագրերը կարողանան ամբողջությամբ իրականացվել»,- նշեց նա։
Պապոյանը նաև հայտնեց, որ Կառավարությունը պատրաստվում է ընդլայնել նման ծրագրերի ծավալները։
«Վարչապետի կողմից հնչել է դիտարկում, որ խոշոր ներդրումային ծրագրերի համար վերին սահմանափակումներ չպետք է լինեն, և մենք հաջորդիվ կներկայացնենք նոր ծրագիր՝ ավելի մեծ ծավալներով»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը նոր ներդրումային ծրագրերը ևս կարող են ընդգրկվել գործող ծրագրում։
«Միաժամանակ նախատեսվում է նոր ծրագիր, որը վերաբերում է խոշոր՝ 1000 և ավելի գլխի համար նախատեսված խելացի անասնագոմերի կառուցմանը, որը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից»,- նշեց Պապոյանը։
Նա ընդգծեց, որ ծրագրի երկարաձգումը թույլ կտա ունենալ նոր անասնաբուծական համալիրներ։
«Սրանով նվազագույնը ևս 4 խոշոր անասնաբուծական համալիր կունենանք»,- եզրափակեց նախարարը։
Ծրագրի շրջանակում արդեն կնքվել է 11 պայմանագիր՝ շուրջ 82.4 մլրդ դրամ ներդրումային ծավալով։ Նախագիծը նպատակ ունի բարձրացնել անասնաբուծության ոլորտում ներդրումների մակարդակը և նպաստել պարենային ինքնաբավության աճին՝ նվազեցնելով ներմուծումներից կախվածությունը։