Podcast. Բազմազավակ ընտանիքների բնակապահովման պետական աջակցությունն ընդլայնվում է

7 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության կողմից արդեն վեց տարի իրականացվող՝ երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմելիության տեմպերն այնքան բարձր են, որ ամեն տարի բյուջեի վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում։

Այս մասին «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

«Եթե խոսենք 2020 թվականի հուլիսի 1-ից մինչ այս պահն ընդգրկող ցուցանիշներից, ապա արդեն 15 հազար 900 շահառու օգտվել է ծրագրից։ Այս տարիների ընթացքում պետական բյուջեից նրանց արդեն վճարվել է շուրջ 12 միլիարդ դրամ։ Եթե միայն խոսենք 2026 թվականի մասին, ապա արդեն 750 շահառու ստացել է աջակցությունը․ընդհանուր շուրջ 851 միլիոն դրամ է նրանց վճարվել»,-մանրամասնեց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ ներկայում շուրջ 400 դիմում էլ գտնվում է ուսումնասիրության փուլում։

Անդրադառնալով ծրագրի բաղադրիչներին՝ խորհրդականը նշեց, որ այն ներկայում իրականացվում է 2 բաղադրիչով։

Առաջինը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք ունեն առնվազն 2 անչափահաս երեխա և ցանկանում են Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։

Այս դեպքում կարևոր պայման է առնվազն 2 անչափահաս երեխա ունենալը, ինչպես նաև  այն, որ ձեռք բերվող գույքի արժեքը պետք է չգերազանցի 35 միլիոն դրամը։  

Ձեռքբերման դեպքում շահառուն իր միջոցներից պետք է կատարի առնվազն 10 տոկոս կանխավճար, իսկ եթե շուկան երկրորդային է, ապա առնվազն 7․5 %։

Առաջնային շուկայից անշարժ գույքը ձեռք բերելիս կամ կառուցելիս՝ կարևոր պայման է, որ այն լինի ընտանիքի միակ սեփականությունը՝ 50 % և ավել մասնաբաժնով պատկանող։

Պետության կողմից աջակցությունն առնվազն 2 երեխայի դեպքում կազմում է մինչև 1 միլիոն դրամ, 3 երեխայի դեպքում՝ մինչև 1․5 միլիոն դրամ, իսկ 4 և ավել երեխաների դեպքում՝ մինչև 2 միլիոն դրամ։ Եթե գույքը ձեռք է բերվում կամ կառուցվում է սահմանամերձ գյուղում կամ այն բնակավայրերում, որտեղ կառուցվում են դպրոցներ ու մանկապարտեզներ, ապա աջակցությունն ավելացվում է 50 %-ով։ 

Երկրորդ բաղադրիչը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք արդեն ունեն հիփոթեքային վարկ և ընտանիքում ծնվում է նոր երեխա։

Այս դեպքում, անկախ երեխայի կարգաթվից, տրամադրվում է պետական միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկի մարման համար։

Ծրագրի կարևոր պայմաններից է բնակարանի արժեքի շեմը, որը չպետք է գերազանցի 35 միլիոն դրամը։

Ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցության չափը  կազմում է մինչև 500 հազար դրամ,  իսկ երրորդի և հաջորդի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Հատկանշական է, որ հիփոթեքով ձեռք բերված գույքը պետք է լինի ընտանիքի միակ սեփականությունը՝ 50 % և ավել մասնաբաժնով։ Ծրագրից օգտվելու համար պետք է դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը, իսկ դիմելու պահին շահառուն պետք է ունենա առնվազն 12 ամսվա մարումներ։ Ընդ որում՝ ուշացումները չպետք է գերազանցեն 30 օրը։

Անդրադառնալով 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության նախատեսվող ծրագրին՝ Ղարագյոզյանը, նշեց, որ դրա գործարկումը հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքներին պետության կողմից 100 տոկոս սուբսիդավորմամբ ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում։

«Սա էապես կթեթևացնի բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը, և, իհարկե, շատ լավ հնարավորություն է, որ նրանք վերջապես ունենան իրենց տունը, ընդ որում՝ ապահովված նվազագույն բնակմակերեսով, որովհետև ներկայում կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն անշարժ գույք, բայց բնակմակերեսն այնքան փոքր է, որ ֆիզիկապես տեղավորվելու խնդիր կա։ Այս ծրագրով պարտադիր պահանջ է սահմանվել, որ ձեռք բերվող կամ կառուցվող գույքն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 10 քառակուսի մետրից»,-շեշտեց խորհրդականը։

Նրա խոսքով՝ նախագիծը մշակելիս որոշակի ուսումնասիրություններ են իրականացվել և ըստ համայնքներից ստացված տեղեկատվության՝ ներկայում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների թիվը հանրապետությունում  643 է։

Ծրագրի կարևոր պահանջներից է, որ ծնողների վերջին 1 տարվա եկամուտները պետք է չգերազանցեն 10 միլիոն դրամը։  Պարտադիր է համարվելու նախորդ տարվա եկամուտների հայտարարագիր ներկայացնելը։

Ըստ ծրագրի՝ ընտանիքին կտրամադրվի հավաստագիր, որը հնարավորություն կտա ՀՀ որևէ մարզային բնակավայրում հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։

Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ արտոնություն է նախատեսվում այն ընտանիքներին, որոնք տունը կկառուցեն կամ ձեռք կբերեն գյուղական բնակավայրում։ Այս դեպքում նախատեսված է 4 միլիոն դրամ հավելավճար։

«Նախատեսում ենք, որ եթե դիմեն բոլոր արդեն նախապես հաշվառված շահառուները,  և նրանցից առնվազն 50 %-ը կնախընտրի գյուղական բնակավայրը, այսինքն՝ հավելյալ 4 միլիոն դրամ, ապա առաջիկա 10 տարիների համար, քանի որ հիփոթեքային վարկը 10 տարով է, պետական բյուջեից կպահանջվի շուրջ 32 միլիարդ դրամ»,-ներկայացրեց Ղարագյոզյանը։

Խոսելով ծրագրի գործարկման ժամանակացույցից՝ նա հայտնեց, որ հանրային քննարկման արդյունքների և մյուս գերատեսչություններից ստացված առաջարկների ամփոփման արդյունքում առաջիկա 1 ամսվա ընթացքում նախագիծն արդեն կներկայացվի Կառավարության հաստատմանը, բայց, այնուամենայնիվ, այն կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում և փոդքաստում 

Հայերեն