Մշակույթ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն՝ ապրիլի 18-ին, ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ տեղեկատվական արշավներ,  էքսկուրսիաներ, քայլարշավներ, ճանաչողական այցեր դեպի հուշարձաններ, տեղեկատվական նյութերի ցուցադրում, դպրոցականների համար կրթական ծրագրեր՝ բաց դաս ձևաչափով, խաղ-վիկտորինաներ, դասախոսություններ, հուշարձանների և տարածքների մաքրման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագիրը միտված է հուշարձանների հանրահռչակմանն ու հասարակության լայն շերտերի իրազեկմանը: Նպատակն է՝ բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը մշակութային ժառանգության, դրա խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ժառանգության պաշտպանության և պահպանման նպատակով: 

Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ:

Հուշարձանների և տարածքների մաքրման աշխատանքները մարզային ծառայությունների և հուշարձանների պահապանների միջոցով համակարգում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր 1983 թվականից՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ:

Յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ին բազմաթիվ երկրներ տարաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում