Ընտրական բոլոր ծախսերը պետք է լիարժեք արտացոլվեն քաղաքական ուժերի հայտարարագրերում. ԿԸՀ նախագահ

4 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ առաջիկա ընտրական գործընթացներում քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերի վերահսկողությունը կուժեղացվի, իսկ հայտարարագրման պահանջները՝ խստորեն կիրականացվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին ի պատասխան՝ Հովակիմյանը հիշեցրել է, որ 2024 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո էապես փոխվել է նախընտրական ֆինանսավորման տրամաբանությունը։

Նրա խոսքով՝ նախկինում կուսակցությունները կարող էին ունենալ զրոյական միջոցներ իրենց հաշվեհամարին, սակայն քարոզարշավի ընթացքում ներգրավել ֆինանսավորում՝ այդ թվում թեկնածուների և անհատների կողմից կատարված մուծումների միջոցով։ Ներկայում, սակայն, այդ հնարավորությունը սահմանափակվել է։

«Ներկայում նախընտրական հիմնադրամ վճարում կարող են կատարել միայն կուսակցությունները։ Իսկ որպեսզի այդ միջոցները գոյություն ունենան, կուսակցությունները պետք է դրանք ունենան իրենց հաշվեհամարներին, որտեղ կարող են նվիրատվություններ ստանալ քաղաքացիներից՝ տարեկան մինչև 10 միլիոն դրամ սահմանաչափով»,- նշեց Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահը ընդգծեց, որ այս փոփոխությամբ ապահովվում է ֆինանսական հոսքերի առավել հստակ և վերահսկելի շրջանառություն․ քաղաքական ուժերը նախ պետք է միջոցներ ներգրավեն և միայն հետո դրանք ուղղեն քարոզարշավին։

Անդրադառնալով վերահսկողության մեխանիզմներին՝ Հովակիմյանը վստահեցրեց, որ ԿԸՀ-ն հետևելու է, որպեսզի ընտրական գործընթացում կատարվող բոլոր ծախսերը լիարժեք արտացոլվեն հայտարարագրերում։

«Այն, ինչ ենթակա է հայտարարագրման Ընտրական օրենսգրքի համաձայն, մենք հետևելու ենք, որ ամբողջությամբ հայտարարագրվի։ Շտաբների վարձակալության ծախսերը, քարոզարշավի ընթացքում կատարվող բոլոր վճարումները պարտադիր պետք է ներառվեն հաշվետվություններում»,- ասել է նա։

Հովակիմյանի խոսքով՝ վերահսկողության շրջանակում կիրառվելու են նաև տարածքային ռեսուրսներ․

«Մեր 38 ընտրատարածքների ռեսուրսը ևս կիրառվելու է, որպեսզի տեղերում կարողանանք ստանալ ամբողջական տեղեկատվություն և վերահսկել գործընթացը»,- ասաց Հովակիմյանը։

Նա նաև նշեց, որ արտաքին գովազդի տեղադրման գործընթացը ևս գտնվում է խիստ կարգավորման ներքո։ Մասնավորապես, 5 քմ-ից մեծ վահանակները կարող են տեղադրվել միայն ԿԸՀ-ի կողմից իրականացվող բաշխման հիման վրա, իսկ վճարովի գովազդային այլ հարթակները նույնպես պետք է արտացոլվեն ֆինանսական հաշվետվություններում։

Միևնույն ժամանակ, Հովակիմյանն ընդգծեց, որ ընտրություններից դուրս քաղաքական ուժերի ֆինանսական գործունեության վերահսկողությունը ԿԸՀ լիազորությունների շրջանակում չէ։

«Քարոզարշավից դուրս քաղաքական ուժերի ծախսերը գտնվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում, սակայն այդ գործընթացները փոխկապակցված են Ընտրական օրենսգրքի կարգավորումների հետ»,- նշեց նա։

ԿԸՀ նախագահը հավելեց, որ կուսակցությունների ֆինանսավորման և թափանցիկության ոլորտում առկա են նոր մարտահրավերներ, և այս ուղղությամբ հնարավոր են հետագա օրենսդրական լրամշակումներ։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում