Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև մարտի 26-ին ԱԺ-ի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե։
«Մարտի 26-ին Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ազգային ժողովի շենքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից պարզ էր դարձել, որ ԱԺ շենքի մոտ հավաքված քաղաքացիների և Ալեն Սիմոնյանի միջև թեժ խոսակցություն է տեղի ունենում, որի ընթացքում հնչում են նաև փոխադարձ հայհոյանքներ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ինքը հայհոյել է՝ պատասխանելով իր հասցեին հնչած հայհոյանքին։ Միջադեպի մասնակից անձն էլ պնդել էր, որ սկզբում ԱԺ նախագահն է իրեն հայհոյել, ինքն էլ պատասխանել է։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը պարզաբանում էր ներկայացրել՝ շեշտելով, որ ինքն առաջինը չի հայհոյել, այլ պատասխանել է իր հասցեին հնչած հայհոյանքներին։
Միջադեպի ընթացքում Ոստիկանությունը 2 անձի բերման էր ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին։