Հայաստան

ԱԳՆ-ն ներկայացրել է չվերթների չեղարկման հետևանքով Քուվեյթում մնացած ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ն ներկայացրել է չվերթների չեղարկման հետևանքով Քուվեյթում մնացած ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքները

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով՝ հայրենիք վերադառնալու նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ շուրջ 33 քաղաքացի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

ՀՀ 33 քաղաքացիներին Քուվեյթով ՀՀ դեսպանությունն օժանդակել է Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագիր ստանալու հարցում։ Մարտի 14-ից-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից Հայաստան են վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ 16 անձ:

Քուվեյթում այդ ընթացքում նրանց գիշերակացն ու սնունդն ամբողջությամբ հոգացել է քուվեյթյան «Ջազիրա» ավիաընկերությունը, որը նաև կազմակերպել էր ՀՀ քաղաքացիների վերադարձը:

Մարտի 17-18-ը Քուվեյթում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստանի ևս 9 քաղաքացու վերադարձին Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։ Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանի ուղեկցությամբ Քուվեյթում գտնվող 9 քաղաքացիներ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։ Ցամաքային ուղևորափոխադրումը ՀՀ դեսպանության կողմից իրականացվել է անվճար։ Նրանց թվում է եղել նաև ԵՊՀ ուսանողների խումբը:ՀՀ քաղաքացիներից մեկը Քուվեյթը լքել է իր նախընտրած ուղով, 2-ը՝ պլանավորում են վերադառնալ ՀՀ և 5-ը՝ նախընտրել են չլքել Քուվեյթը։ Քննարկումներ են ընթանում քուվեյթյան «Ջազիրա» ավիաընկերության հետ՝ Սաուդյան Արաբիա-Թբիլիսի չվերթն իրականացնելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում