Երևանում մեկնարկեց Մրցակցության միջազգային ցանցի շահերի պաշտպանության աշխատաժողովը

4 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեց Մրցակցության միջազգային ցանցի (ICN) շահերի պաշտպանության երկօրյա աշխատաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում են մրցակցային մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ աշխարհի շուրջ 32 երկրից։

Ողջունելով ներկաներին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարևորեց միջազգային մրցակցային կազմակերպությունների ներկայացուցիչներին, փորձագետներին ու ակադեմիական շրջանակներին միավորող միջոցառումը։

«Առանց մրցակցության ժամանակակից տնտեսություններն, ըստ էության, չեն կարող կայուն զարգանալ, և նաև մրցակցությունն է սպառողների իրավունքների պաշտպանության հիմքը։ Կարծում եմ, որ առանց մրցակցության ապահովման որևէ պետական վարչարարական մեխանիզմ երբեք արդյունավետ չի կարող լինել մրցակցության պաշտպանության տեսանկյունից։ Այս առումով մենք մշտապես շատ ակտիվ աշխատում ենք Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի կարողանանք մեր երկրում ավելացնել մրցակցությունը, բարձրացնել սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը, խթանել նորարարությունները, դիվերսիֆիկացնել տնտեսությունը, բարձրացնել ներդրումային գրավչությունը։ Այս ամենը հնարավոր չէ առանց մրցակցության և շուկայական մրցակցային միջավայրի ձևավորման հետևանք պետք է լինի»,-նշեց Պապոյանը՝ հավելելով, որ Հայաստանն ակտիվ ներգրաված է միջազգային համագործակցության գործընթացներում մրցակցության քաղաքականության զարգացման և կատարելագործման ուղղությամբ, որն իր արտացոլումն է գտնում միջազգային ինդեքսներում ու ցուցանիշներում։

Ըստ նախարարի՝ մասնավորապես տնտեսական ազատության համաթվում 2026 թվականին Հայաստանը զբաղեցրել է 52-րդ դիրքը 176 երկրների շարքում, իսկ Համաշխարհային բանկի Business Ready-ի զեկույցում ստացել է 66,7 միավոր, ինչը 6,6 միավոր գերազանցում է 101 երկրների միջինացված ցուցանիշը։

«Կային նույնիսկ ցուցանիշներ, որտեղ Հայաստանն առաջին, երկրորդ և երրորդ տեղերում է։ Այս գնահատականները մեզ համար շատ լավ ուղեցույց են, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում և մեր աշխատանքի գնահատման լավ արդյունք են՝ ցույց տալով, որ ունեցածը պետք է բարելավենք, լավարկենք»,-ընդհանրացրեց Պապոյանը։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով առաջին անգամ է, որ ՀՀ մրցակցային մարմինն հնարավորություն է ստացել Մրցակցային միջազգային ցանցի միջոցառում հյուրընկալել Հայաստանում։

«Տնտեսական մարտահրավերներն արագորեն փոխվում են և մրցակցության քաղաքականության արդյունավետությունը ավելի շատ է կախված նրանից, թե ինչքանով կառույցները կարող են միմյանցից սովորել և միասին հարմարվել։ Այսօրվա քննարկումը հնարավորություն է ընձեռում անդրադառնալ մի շատ կարևոր հասկացության՝շահերի պաշտպանություն։ Ցանկացած պետական մարմնի համար շահերի պաշտպանությունը, պարզապես լրացուցիչ գործողություն չէ, այլ կամուրջ ինստիտուցիոնալ գործողությունների և հանրային ընկալման միջև։ Մեխանիզմ է, որը կառույցի ներսում իրականացվող բարդ և տեխնիկական բնույթի աշխատանքը տեսանելի, մատչելի և հասկանալի է դարձնում հանրության լայն շրջանակներին»,-ասաց Գևորգյանը։

Բացման արարողությանը հաջորդեցին աշխատաժողովի պանելային քննարկումները, որոնք կշարունակվեն մինչև մարտի 17-ը։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ