Իրավունք

ՔԿ-ն ուսումնասիրում է Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության հիման վրա Ոստիկանությունից ստացած հաղորդումը

2 րոպեի ընթերցում

ՔԿ-ն ուսումնասիրում է Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության հիման վրա Ոստիկանությունից ստացած հաղորդումը

Քննչական կոմիտեն ստացել է Արտաքին հետախուզական ծառայության հայտարարության հիման վրա Ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդումը. այն ուսումնասիրության փուլում է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Քննչական կոմիտեն ստացել է Ներքին գործերի նախարարության հաղորդումը։ Այն ուսումնասիրության փուլում է»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների նկատմամբ ապօրինի ազդեցության և միջամտության վերաբերյալ Արտաքին հետախուզական ծառայության տարածած հայտարարության հիման վրա հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։

«ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։

Տեղեկատվության հիման վրա՝ ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե»,– ասված էր հայտարարության մեջ։ 

Արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունը բացառիկության կարգով հրապարակել էր «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում