ԶՊՄԿ-ն ձևավորել է Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի հանձնաժողով

6 րոպեի ընթերցում

ԶՊՄԿ ընկերության Տնօրենների խորհրդի շրջանակում (կազմում) ձևավորվել է Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ընկերությունից հայտնում են, որ Տնօրենների խորհրդի կողմից Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանը:

«Այս հանձնաժողովի ստեղծումը կարևորագույն քայլ էր կորպորատիվ կառավարման միջազգային ճափանիշների ներդրման  ուղղությամբ։ Պետք է նշեմ, որ նման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես եկավ նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն՝ որպես պետությանը պատկանող բաժնետոմսերը կառավարող մարմին, ինչն, իմ կարծիքով, ընդգծում է ժամանակակից կորպորատիվ կառավարման չափանիշների նկատմամբ մեր պետության մոտեցումը: Այսպիսով, բաժնետիրոջ նախաձեռնությունը և ընկերության ներսում արդեն ձևավորված նման հանձնաժողով ստեղծելու ըմբռնումը համադրվեցին՝ տալով իրենց գործնական արդյունքը»,- նշեց հանձնաժողովի նորընտիր նախագահը։

Հանձնաժողովն իրականացնելու է ԶՊՄԿ ռիսկերի կառավարման շրջանակի, կայուն զարգացման ռազմավարության, բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) կատարողականի ռազմավարական վերահսկողություն: Հանձնաժողովը զբաղվելու է ESG համապատասխան վարկանիշների ուսումնասիրմամբ, ընտրությամբ և ներդրման օժանդակությամբ, ուսումնասիրելու է կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձը և աջակցելու է դրանց ներդրմանը ու կիրառմանն Ընկերությունում:

Արտյոմ Պետրոսյանն ընդգծեց՝ այսօր ընկերությունների հաջողությունը չափվում է ոչ միայն ֆինանսական արդյունքներով, այլ նաև այն ազդեցությամբ, որը նրանք ունենում են շրջակա միջավայրի, իրենց աշխատակիցների և հասարակության վրա։

«Ցավոք, Հայաստանում շատ հաճախ են հանդիպում մոտեցումներ, երբ շահույթը դիտարկվում է որպես բիզնեսի հաջողության միակ չափանիշ։ Սակայն ժամանակակից տնտեսությունը ընկերություններին այլ կերպ է գնահատում. կարևոր է ոչ միայն այն, թե որքան է կազմում ընկերության շահույթը, այլ նաև՝ ինչպիսի կառավարման համակարգ է այն ձևավորել, արդյոք պահպանվում են ստանդարտները, ինչպես են կառավարվում ռիսկերը և որքան պատասխանատու է ընկերությունը հասարակության նկատմամբ։ Այս իմաստով ESG-ն ոչ թե նորաձևություն է, այլ բիզնեսի հասունության և կորպորատիվ կառավարման որակի կարևոր ցուցանիշ, և հենց այս նպատակով էլ ԶՊՄԿ-ում ստեղծվել է «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի» հանձնաժողովը, որի հիմնական առաքելությունն է ապահովել այդ սկզբունքների համակարգված և արդյունավետ իրականացումը ընկերությունում»,– մանրամասնեց Պետրոսյանը։

ԶՊՄԿ-ի՝ Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի հանձնաժողովի նախագահի կարծիքով ESG և կորպորատիվ կառավարման ստանդարտները, սկզբունքները շատ հաճախ ընկալվում են, որպես խոչընդոտներ կամ գործոններ, որոնք շեղում են ընկերություններին իրենց հիմնական գործունեությունից:

«Ես կատեգորիկ համաձայն չեմ նման մոտեցման հետ և կարծում եմ, որ իրականում հենց դրանք են ձևավորում ուժեղ կառավարման համակարգեր և օգնում ընկերություններին՝ ավելի լավ հասկանալ ու կառավարել իրենց ռիսկերը: Երկարաժամկետ հեռանկարում հաղթում են ոչ թե այն ընկերությունները, որոնք ունեն ավելի քիչ կանոններ կամ ստանդարտներ, այլ այն ընկերությունները, որոնք ունեն ավելի որակյալ և բալանսավորված կառավարում»,-նկատեց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ռիսկերի կառավարումը խնդիրների մասին չէ, այն ապագայի նկատմամբ պատրաստ լինելու մշակույթ է։

Արտյոմ Պետրոսյանի համոզմամբ՝ վերոնշյալ մոտեցումը հատկապես կարևոր է մեր տարածաշրջանում, որտեղ առկա է աշխարհաքաղաքական արագ փոփոխվող միջավայր և տուրբուլենտություն:

«Նման իրականության մեջ կառավարման հասունությունը դրսևորվում է ընկերության՝ ժամանակին ռիսկերը ախտորոշելու, գնահատելու և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությամբ, որոնք թույլ կտան ընկերությանը պահպանել աշխատանքի կայունությունը նույնիսկ բարձր անորոշության պայմաններում: Գիտեք, ընկերության կայունությունը որոշվում է ոչ թե ռիսկերի բացակայությամբ, այլ դրանց կառավարման համակարգի որակով»,- ընդգծեց նա։

Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հանձնաժողովն արդեն իսկ սկսել է աշխատել իր առաջին հարցի վրա․ կազմում է վերլուծական դիտարկում Իրանի շուրջ ընթացող տարածաշրջանային զարգացումների հնարավոր ազդեցության մասին՝ Ընկերության գործունեության վրա:

«Արդեն այս փուլում, կարելի է նշել, որ նման աշխատանքը հնարավորություն է տալիս համակարգված և բազմակողմանի կերպով վերլուծել արտաքին միջավայրը և ժամանակին մշակել կշռադատված կառավարման որոշումներ։ Ընդհանուր առմամբ՝ սա ժամանակակից կորպորատիվ կառավարման և ռիսկերի կառավարման ստանդարտ գործելակերպի մաս է, որն ուղղված է բիզնեսի կայունության ապահովմանը»,- եզրափակեց Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի հանձնաժողովի նախագահը։

Հանձնաժողովի գործառույթների և ամբողջական կազմի մասին մանրամասները՝ ԶՊՄԿ կայքում։

Հայերեն English

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը