Աշխարհ

Սլովակիայի ընդդիմությունը պահանջել է ստուգել վարչապետ Ֆիցոյի որոշման օրինականությունը

2 րոպեի ընթերցում

Սլովակիայի ընդդիմությունը պահանջել է ստուգել վարչապետ Ֆիցոյի որոշման օրինականությունը

Սլովակիայի ընդդիմադիր «Ազատություն և համերաշխություն» կուսակցությունը Գլխավոր դատախազությունից պահանջել է ստուգել Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները դադարեցնելու վերաբերյալ երկրի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյի որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին ասված է կուսակցության հաղորդագրությունում։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ կատարել է Կիևին էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները դադարեցնելու իր խոստումը։ 

Նա հիշեցրել էր, որ միայն այս տարվա հունվարին այդ արտակարգ մատակարարումները, որոնք անհրաժեշտ էին Ուկրաինայի էլեկտրական ցանցերը կայունացնելու համար, երկու անգամ ավելի են եղել, քան ամբողջ 2025 թվականի ընթացքում։

Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան դադարեցրել են Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումները՝ հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։ Բրատիսլավան և Բուդապեշտը Կիևին մեղադրում են քաղաքական պատճառներով խողովակաշարի վերանորոգումը դիտավորյալ հետաձգելու համար։ «Դրուժբա»-ով նավթի տարանցումը դադարեցնելու պատճառով Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, ինչպես նաև Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։  

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայսա Իտկոնենը հայտարարել է, որ հանձնաժողովը պահպանում է շփումները Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունների հետ «Դրուժբա» նավթատարի աշխատանքի խափանման հարցով և վստահեցնում, որ ուկրաինական կողմը տրամադրված է այն վերականգնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում