Եվրոպա

Զելենսկին առաջարկել է արևմտյան զորքեր տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին

2 րոպեի ընթերցում

Զելենսկին առաջարկել է արևմտյան զորքեր տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արևմտյան գործընկերներին առաջարկել է իրենց զորակազմերը տեղակայել Ուկրաինայի և Բելառուսի սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է AFP գործակալությանը տված հարցազրույցում։

«Իհարկե, Ուկրաինան կցանկանար, որ մեր գործընկերները մեզ հետ կանգնած լինեին առաջնագծում։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է։ Երբ ես խոսում եմ առաջնագծի մասին, և եթե խոսում ենք Լեհաստանի կամ մեր բալթյան հարևանների մասին, ես նրանց ասում եմ՝ հասկանում եմ, որ այժմ պատասխան չունեք, բայց եթե Բելառուսը ձեր երկրների համար նույնքան մեծ սպառնալիք է ներկայացնում, որքան մեզ համար՝ Ռուսաստանը, ապա ինչո՞ւ ձեր զորակազմերը կանգնած չեն Ուկրաինայի և Բելառուսի սահմանին», - ասել է նա:

Զելենսկին հավելել է, որ Կիևը կցանկանար, որ օտարերկրյա զորակազմը գտնվեր «ճակատային գծին ավելի մոտ»:

«Որտեղ կա ռիսկ, այնտեղ առաջնագիծ է։ Մենք կցանկանայինք զորակազմը տեսնել ճակատային գծին ավելի մոտ: Պայմանականորեն ասած՝ լեհերը չեն հաստատել զորակազմ տեղակայելու իրենց մտադրությունը: Բայց եթե Լեհաստանն առաջարկեր զորակազմ տեղակայել և առաջարկեր այն տեղակայել Լվովում, ապա դա մեզ անհրաժեշտ չէր լինի», - պարզաբանել է նա:

Զելենսկու խոսքով՝ կա պայմանավորվածություն, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կհատկացնեն մեկական բրիգադ, այսինքն՝ 5000-ական զինծառայող։ Նա հավելել է, որ կան նաև այլ երկրներ, որոնք պատրաստակամություն են հայտնել զորքեր ուղարկել, բայց չի նշել դրանք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում