Ադրբեջան

Հույս ունեմ՝ սահմանազատված հատվածներից մեկում Ադրբեջանի հետ համատեղ առևտրի հարթակ ստեղծելու որոշում կկայացնենք․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հույս ունեմ՝ սահմանազատված հատվածներից մեկում Ադրբեջանի հետ համատեղ առևտրի հարթակ ստեղծելու որոշում կկայացնենք․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում Ադրբեջանի հետ համատեղ առևտրային հարթակ ստեղծելու որոշում կկայացվի երկու երկրների միջև սահմանազատված հատվածներից որևէ մեկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ զրույցում` անդադառնալով այսօր ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության այցին։

«Սահմանազատված հատված կա, և ինչո՞ւ չի կարող դառնալ անցման կետ երկու կողմերից։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Ադրբեջանի հետ համատեղ մենք այդ սահմանազատված հատվածներից որևէ մեկում, ամեն մեկս մեր կողմում, համատեղ շուկա կամ առևտրի պլատֆորմ ստեղծելու որոշում կկայացնենք և կիրականացնենք այդ որոշումը։ Նախադեպը կա, ցամաքային հատում է տեղի ունեցել սահմանազատված հատվածի՝ երկու երկրների օրենսդրությանը համապատասխան, ինչը շատ լավ է»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։ 

Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։

Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում