Ադրբեջան

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ կդրվի սահմանազատման գործընթացի միջոցով, և Երևանը հետևողականորեն գնալու է այդ ճանապարհով:

‹‹Արմենպրեսի››-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցին:

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցերը կլուծվեն, քանի որ երկու կողմերը միմյանց հետ ստորագրել են իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ:

‹‹Ուզում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը. դրա վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում, և սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն: Սա շատ հստակ արձանագրում է, և մենք դա արել ենք շատ վաղուց. այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու: Մենք հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխան տարածքները››,-նշել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը խնդիր չի դնում ռազմական ճանապարհով վերականգնել ինքնիշխանությունն Ադրբեջանի կողմից 2021-2022 թվականներին օկուպացված տարածքների նկատմամբ և մտադիր է հասնել դրան սահմանազատման գործընթացի միջոցով:    

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում