Տեսնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգում տնտեսությունը վազանց է կատարում քաղաքականությանը. վարչապետ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում տեսանելի է, որ տնտեսությունը վազանց է կատարում քաղաքականությանը:
‹‹Արմենպրեսի››-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի, ինչպես նաև դրա վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած քննարկումների մասին:
‹‹Ես ուզում եմ արձանագրել, որ ինչքան օգոստոսի 8-ից հեռանում ենք, ինչքան քաղաքական նպատակներն իրագործվում են, այնքան տեղի է ունենում տրանսֆորմացիա դեպի տնտեսություն: Հայաստան-Ադրբեջան օրակարգում մենք տեսնում ենք, որ տնտեսությունը վազանց է կատարում քաղաքականությանը››,-նշեց վարչապետը:
Նրա բնորոշմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված այդ քաղաքական հռչակագիրը և հայտարարությունը հրավիրում է տնտեսական ուշադրություն, և երբ տնտեսությունը սկսում է վազանց կատարել քաղաքական հայտարարություններին, երբ տնտեսական հայտարարությունների տեսակարար կշիռը սկսում է ավելին լինել, քան քաղաքական հայտարարությունների տեսակարար կշիռը, դա նշանակում է, որ քաղաքական հայտարարությունը հասել է իր նպատակին և իրագործվում է:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստանում էր փետրվարի 9-10-ը։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան էր ժամանել կնոջ և երեխաների հետ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը, ընդլայնված կազմերով հանդիպումը, ինչպես նաև մամուլի ասուլիսը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն»-ը։