ԱՄՆ փոխնախագահի այցն արտացոլում է Հայաստանի և ԱՄՆ միջև ձևավորված ռազմավարական գործընկերության խորությունը. վարչապետ
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան ունի պատմական և խորհրդանշական կարևորություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո։
«Մեծագույն պատիվ է այսօր հյուրնկալել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս այցը ունի հիրավի պատմական և խորհրդանշական կարևորություն։ ԱՄՆ փոխնախագահի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն։ Այն արտացոլում է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև ձևավորված ամուր և ռազմավարական գործընկերության խորությունը»,– հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2025 թվականի փետրվարի 7-ին կայացած առաջին հանդիպումը կարևոր նշանակություն է ունեցել հետագա զարգացումների համար՝ դառնալով երկկողմ հարաբերությունների խորացման մեկնակետ։
Վարչապետը նաև երախտագիտություն հայտնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ փոխնախագահին՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար։
«Այդ գագաթնաժողովով մենք լուրջ զարկ տվեցինք Հայաստան–ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև նախագահ Թրամփի ներգրավվածությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն»,– ընդգծեց վարչապետը։