Հայաստան

ՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան

2 րոպեի ընթերցում

ՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան

Ռազմաուսումնական հաստատությունից հետո Պաշտպանության նախարարությունում կամ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության անցած որոշ զինծառայողներ պետական բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«2022-2023 ուսումնական տարվանից սկսած ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված, սպայական կազմի զինծառայողների համար օրենքով նախատեսված բնակապահովման շրջանակներում արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագիրը հնարավորություն է տալու սպայական կազմի զինծառայողներին ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա սեփականության իրավունքով ձեռք բերել բնակարան: Վարկը, կանխավճարը, մայր գումարն ու տոկոսներն ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասաց Սարգսյանը:

Նախարարի տեղակալը հավելեց՝ քաղաքացիներին, որոնք կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն Պաշտպանության նախարարության համակարգում կամ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության, կտրամադրվեն հավաստագրեր, որոնց միջոցով նրանք հնարավորություն կունենան ընտրել իրենց բնակարանը կամ բնակելի տունը՝ առաջնային կամ երկրորդային շուկայից:

«Սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն իրականացնի: Հասանելի գումարը 35 մլն դրամի չափով է: Զինծառայողները հնարավորություն կունենան այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

20 տարվա պարտադիր ծառայության պայմանի մեջ կներառվի նաև ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում