ԵՄ-ն կարող է վերսկսել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը Թրամփի կողմից նոր մաքսատուրքերի կասեցումից հետո
2 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունն, ամենայն հավանականությամբ, կվերսկսի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս ԵՄ երկրների նկատմամբ չի սահմանի մաքսատուրքեր՝ կապված Գրենլանդիայի շուրջ անհամաձայնության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի նախագահին։
«Մենք ուրախ ենք տեսնել, որ առայժմ այս էսկալացումը վերացել է։ Դա նշանակում է, որ այս փուլում մենք կարող ենք շարունակել մեր ներքին քննարկումները ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի շուրջ, որը դադարեցվել էր վերահաս մաքսատուրքերի սպառնալիքի պատճառով», - ասել է Ռոբերտա Մեցոլան։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը կասեցրել էր ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացումը մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքների ֆոնին։
Հիմնվելով 2025 թ. հուլիսին Շոտլանդիայում ձեռք բերված համաձայնության վրա՝ ԵՄ-ն քննարկում է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ մաքսատուրքերի վերացման, ինչպես նաև ԱՄՆ-ից ծովախեցգետնի ներմուծման նկատմամբ 0% մաքսատուրքի կիրառումը շարունակելու հարցը։ Այս առաջարկները պետք է համաձայնեցվեն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ երկրների կողմից։ Իսկ ԱՄՆ-ն ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ կսահմանի 15% մաքսատուրք, ինչը ԵՄ-ում շատերը համարում են անհավասար պայմաններ։
Եվրոպական խորհրդարանի առևտրի հանձնաժողովի քննարկումն այս հարցի շուրջ կկայանա հունվարի 26-27-ին։