Ալիևը հայտարարել է, որ լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմական ձեռքբերում է որակել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Պատմական ձեռքբերում էր, երբ անցած տարվա օգոստոսին երկու երկրները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Այդպիսով վերջ տրվեց ավելի քան 30-ամյա պատերազմին և արյունահեղությանը։ Խաղաղության այս համաձայնագրի յուրահատկությունը նրանում է, որ այն նախաստորագրվել է վերջին արյունալի բախումից մոտ երկու տարի անց։ Սա ցույց է տալիս, որ երկու կողմից ամուր քաղաքական կամքի և խաղաղությանը հանձնառության պարագայում հաշտությունը հնարավոր է կարճ ժամանակահատվածում։ Այն, ինչ ստորագրվել է, այսօր գործնական արդյունքներ է տալիս։ Մենք 5-6 ամիս է, ինչ ապրում ենք խաղաղության մեջ և վայելում ենք այս իրավիճակը։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, լինելով անկախ պետություններ, երբեք խաղաղ չեն ապրել։ Երբ մենք 1991 թվականին անկախություն ձեռք բերեցինք, արդեն իսկ գտնվում էինք ռազմական դիմակայության իրավիճակում։ Այսօր արդեն խաղաղության օգուտներն արտահայտվում են համագործակցությամբ։ Առաջին հերթին կարևոր է, որ Ադրբեջանից նավթամթերք է ուղարկվում Հայաստան, ինչն իր հերթին նպաստում է այնտեղ բենզինի գների նվազմանը։ Դեռ 2-3 տարի առաջ սա բացարձակապես աներևակայելի էր, բայց այսօր դա իրականություն Է։ Եվ ես կարծում եմ, որ ոչինչ չի կարող խանգարել այս գործընթացին։ Ես կարծում եմ, որ երկու կողմերը պետք է խաղաղ համագոյակցության ավելի շատ արդյունքներ ցույց տան, որպեսզի մենք կարողանանք ստանալ նաև մեր հասարակությունների աջակցությունն այս գործընթացում»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ այդ հարցում ինքը շատ լավատես է. «Ինչին մենք հասել ենք, ահռելի օգուտներ է բերում թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, թե՛ Հարավային Կովկասին և օրինակ է, թե ինչպես միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները կարող են անցում կատարել համագործակցության փուլին»,- նշել է նա։

Ալիևը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղության հաստատումից հետո կողմերի միջև նաև տնտեսական համագործակցություն է սկսվել։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները և երկրի տարածքով Ղազախստանից ու Ռուսաստանից ապրանքներ են մատակարարվել Հայաստան։ «Հիմա մենք Հայաստանից դիմում ենք ստացել մեր տարածքով դեպի Ռուսաստան ապրանքների տարանցում իրականացնելու համար։ Մենք դե ֆակտո միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է՝ փոխադրումը իրականացվում է Վրաստանի տարածքով,  սակայն շուտով երթուղին լինելու է Հայաստանի տարածքով։ Կգա նաև այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղիղ Ադրբեջանի տարածքով, և այդ օրը սարերի հետևում չէ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։  

Հայերեն العربية Español فارسی

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA