Անցած տարի էլեկտրոմոբիլ ներմուծած 636 անձ հետ կստանա պետությանը վճարած մաքսատուրքը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ անցած տարի էլեկտրոմոբիլ ներմուծած և մաքսատուրք վճարած 636 քաղաքացի պետությունից հետ են ստանալու իրենց վճարած մաքսատուրքերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ում հրապարակած տեսանյութի միջոցով։
«636 քաղաքացի, որոնք անցած տարի ներմուծել են էլեկտրական մեքենա և մաքսազերծել են, իրենց վճարած մի քանի միլիոն դրամ մաքսատուրքը պետությունից հետ կստանան։ Ինչպե՞ս է դա տեղի ունենալու։ Նախ հիշեցնեմ, որ անցած տարի մենք էլեկտրական մեքենաների քվոտաները բաշխել էինք հետևյալ կերպ՝ 5000-ը անհատների և ոչ դիլեր իրավաբանական անձանց համար էր, իսկ 3000-ը՝ դիլերների։ Սակայն դիլերները իրենց քվոտայից 636-ը չէին օգտագործել, և մենք այն տեղափոխել էինք անհատների և իրավաբանական անձանց դաշտ։ Եվ այդ տրամաբանությամբ 5001-րդ քաղաքացին, որը մոտեցել էր, քվոտան ավարտված էր եղել և ինքը ստիպված վճարել էր մաքսատուրքը. և այսպես մինչև 5636։ Եվ ահա 636 քաղաքացի այս եղանակով կստանան իրենց վճարած միլիոնավոր դրամները»,- մանրամասնել է Պապոյանը։