Տնտեսություն

ԵԱՏՄ-ն մինչև 2029 թվականը երկարաձգել է թափոնների ներմուծման զրոյական մաքսատուրքերը

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն մինչև 2029 թվականը երկարաձգել է թափոնների ներմուծման զրոյական մաքսատուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) երկարաձգել է թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնի ներմուծման զրոյական մաքսատուրքերի գործողությունը մինչև 2028 թվականի վերջը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԵԱՏՀ մամուլի ծառայությունը։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ներմուծման մաքսատուրքերի զրոյական հարկադրույքներ է  սահմանել թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնի նկատմամբ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ», - ասված է հաղորդագրության մեջ։

«Նախորդ ժամանակահատվածում մաքսային-սակագնային կարգավորման միջոցի կիրառման արդյունավետությունը հաստատվում է Եվրասիական տնտեսական միության զտարկող (աֆինաժային) ձեռնարկությունների արտադրական կարողությունների զբաղվածության մակարդակի պահպանմամբ, ինչպես նաև թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնի սպառման ծավալների մեծացմամբ», - նշել է ԵԱՏՀ մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ։

Նա պարզաբանել է, որ իրենց ֆիզիկական-քիմիական հատկությունների շնորհիվ թանկարժեք մետաղները կիրառում են գտնում տարբեր ճյուղերում, իսկ առաջնային հումքի աղբյուրները սահմանափակ են։

Որոշումն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից 30 օրացուցային օր անց։

ԵԱՏՀ Կոլեգիայի ավելի վաղ ընդունված որոշումներին համապատասխան՝ նշված ապրանքների նկատմամբ մաքսային արժեքի ներմուծման մաքսատուրքերի 0%-ի չափով հարկադրույքները գործում են 2015 թվականի հունիսից մինչև 2025 թվականի դեկտեմբերի վերջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում