Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի համար պայմանների ստեղծումը խաղաղություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից է համարում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին՝ շեշտելով, որ այդ համատեքստում տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը թեմային անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ։
«Թույլ տվեք ընդգծել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության և ազգային իիրավազորությունների սկզբունքների հիման վրա։
Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։
Այս առումով, գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին` Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։
Սա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է»,- ասել է ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական բենզինի խմբաքանակը Վրաստանի տարածքով մատակարարվել էր Հայաստան։ 22 վագոնից բաղկացած գնացքը Հայաստան էր հասցրել 1218 տոննա բենզին։ Բեռը պատկանում է մասնավորին:
Ադրբեջանական բենզինի ձեռքբերման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Գաբալայում նոյեմբերի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ։