Հայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին
3 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում անցկացվող «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ազգային տաղավարի և այլ միջոցառումներին մասնակցության բովանդակության հայեցակարգի ներկայացման բաց կանչ։
Նպատակն է՝ ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան, նորարարական և բովանդակային առումով ամբողջական հայեցակարգ, որը կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը՝ ընդգծելով երկրի մշակութային բազմազանությունը, պատմական ժառանգությունը, ժամանակակից ձեռքբերումները և ապագայի տեսլականը։
Ցուցահանդեսը կայանալու է 2027 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 15-ը՝ «Խաղ մարդկության համար. սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով:
Հայեցակարգի հիմնական պահանջներ
1. Նախագիծը պետք է ներառի՝
- գլխավոր գաղափար և համապարփակ սյուժետային լուծում, որը համահունչ է «ԷՔՍՊՈ-2027» թեմատիկ շրջանակին և պահանջներին։
- տաղավարի գեղարվեստական լուծում և դիզայն՝ ներառյալ միջավայրի կազմակերպում, նյութերի ընտրություն և ընդհանուր էսթետիկ մոտեցում
- տեսողական ներկայացում՝ մուդբորդեր, էսքիզներ, 3D նախնական պատկերներ կամ մուլտիմեդիա ներկայացում և այլն
- ինտերակտիվ, թվային կամ բազմամեդիա լուծումների նկարագրություն, որոնք կնպաստեն այցելուների ներգրավվածությանը
- տեխնիկական և ֆունկցիոնալ լուծումների նկարագիր՝ ներառյալ կառուցման, տեղադրման, աշխատանքի լոգիստիկ, ժամանակագրական և անվտանգության հիմնական մոտեցումները
- նախնական բյուջե (ծախսերի նախահաշիվ), որը կներառի նախագծման, արտադրության, տեղադրման, լոգիստիկայի և շահագործման ծախսերը։
2. Բաց կանչին կարող են դիմել կազմակերպություններ, ստեղծագործական ստուդիաներ կամ կոնսորցիումներ, որոնք՝
- ունեն ցուցահանդեսային տաղավարների, թանգարանային կամ մշակութային ինստալյացիաների ոլորտներում իրականացված առնվազն երեք (3) միջազգային կամ խոշորածավալ նախագծեր
- տիրապետում են հայեցակարգի մշակումն ու իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ մասնագիտական, տեխնիկական և արտադրական ռեսուրսներին:
Դիմումին պետք է կցված լինեն պորտֆոլիո և թիմի հիմնական անդամների CV-ներ։
3. Գնահատման չափանիշներ
Ներկայացված հայեցակարգերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝
- գաղափարի ինքնատիպություն և բովանդակային խորություն
- թեմատիկ համապատասխանություն «ԷՔՍՊՈ-2027» պահանջներին
- իրագործելիություն և տեխնիկական հիմնավորվածություն
- բյուջեի հիմնավորվածություն
- կազմակերպության փորձ և իրականացման կարողություններ:
4. Ներկայացման կարգ
Հայտը պետք է ներկայացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ, էլեկտրոնային փոստով՝ info@cultfoundation.am
Թեմայի, տեխնիկական պահանջների և ցուցահանդեսային կանոնների վերաբերյալ մանրամասները հասանելի են կազմակերպչական կոմիտեի պաշտոնական կայքում։