Դավիթ Կարապետյանն ու Լուկաս Ցուկալիսը քննարկել են Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Աթենքում հանդիպել է «Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամի» (ELIAMEP) խորհրդի նախագահ Լուկաս Ցուկալիսի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։
Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի նշանակությանը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում։
«Կողմերը քննարկել են Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության խորացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև 2026թ. մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և «Երևանյան երկխոսություն» համաժողովի նախապատաստական աշխատանքներին առնչվող հարցեր: