ՀՀ ՊԵԿ նախագահը ԱՄՆ–ի գործընկերների հետ քննարկել է տրամադրվող աջակցության ծրագրերի ընթացքը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ Պետքարտուղարության Արտահանման հսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի տարածաշրջանային խորհրդատու Քերն Չեյսնին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) տնօրեն Զաքարի Բարտերին։
Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ–ի տարածած հաղորդագրությունից, Էդուարդ Հակոբյանը կարևորել է ամերիկյան գործընկերների աջակցությունը՝ սահմանային մաքսային հսկողության ենթակառուցվածքների բարելավման և մաքսային ծառայողների կարողությունների շարունակական զարգացման գործում։
Քննարկվել է նաև ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրի ընթացքը՝ մաքսային ռիսկերի կատարելագործման շրջանակում, ինչը կարևոր է մաքսային ռիսկերի կառավարման համակարգի բարելավման համար, այդ թվում՝ վերլուծական կարողությունների բարձրացման տեսանկյունից։
ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համագործակցությանը՝ կարևորելով նոր սարքավորումների տրամադրումը և մաքսային ծառայողների համար դասընթացների կազմակերպումը՝ մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարի նպատակով։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջիկայում ընդլայնել փոխգործակցության շրջանակները՝ այդ թվում հաշվի առնելով տարածաշրջանային նոր նախաձեռնությունները։