Աշխարհ

Հարավարևելյան Ասիայում հեղեղումների հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հարավարևելյան Ասիայում հեղեղումների հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել

Տեղատարափ անձրևները Հարավարևելյան Ասիայի երկրներում հեղեղումների ու սողանքների պատճառ են դարձել՝ խլելով ավելի քան 1000 մարդու կյանք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ինդոնեզիայում հեղեղները 502 մարդու կյանք են խլել, ևս 508 մարդ անհետ կորած է։ Աղետների հետևանքների վերացման գործակալության տվյալներով՝ Ինդոնեզիայում վնասվել է ավելի քան 28 000 տուն, տուժել է 1,4 միլիոն մարդ։

Թաիլանդում հեղեղումներից զոհվել է առնվազն 176 մարդ, Մալայզիայում՝ 3։

Երեք երկրներից տարհանվել են հազարավոր մարդիկ։ Հեղեղումների պատճառով տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 4 միլիոնը, որից մոտ 3 միլիոնը հարավային Թաիլանդում։ 

Իսկ Շրի Լանկայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 355-ի։ Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են։ Երկրի մեկ երրորդը զրկվել է էլեկտրամատակարարումից և ջրամատակարարումից։ Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։

Հարավարևելյան Ասիայում ամիսներ շարունակ անբարենպաստ եղանակային պայմաններ էին։ Ավելի վաղ Ֆիլիպիններին և Վիետնամին էին պատուհասել թայֆուններ, որոնք նույնպես առաջացրել են ջրհեղեղներ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում