Հայաստան

Առաջնահերթ պետք է հաղթահարվեն կարծրատիպերը, որպեսզի կանանց ներգրավվածությունը զինված ուժերում ընդլայնվի

7 րոպեի ընթերցում

Առաջնահերթ պետք է հաղթահարվեն կարծրատիպերը, որպեսզի կանանց ներգրավվածությունը զինված ուժերում ընդլայնվի

Վրաստանում տեղակայված ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և «ՄԱԿ-Կանայք» կառույցի հետ համագործակցությամբ Երևանում կազմակերպեց միջազգային համաժողով՝ «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և դրանից դուրս» թեմայով, որին մասնակցեցին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի և Հայաստանի պետական կառույցների պաշտոնատար անձինք, ինչպես նաև միջազգային փորձագետներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշեց, որ զինված ուժերում կանանց ներգրավվածության առնչությամբ ամբողջ աշխարհում կան բազմաթիվ խնդիրներ, թեև ժամանակակից փուլում այդ խնդիրների լուծման եղանակները տարբեր երկրներում միանման չեն։ 

«Նկատի ունենք նախևառաջ այն կարծրատիպերը, որոնք առկա են տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության առնչությամբ, հետևաբար չափազանց կարևոր է, որ Հայաստանում նույնպես մեծ ուշադրություն դարձվի տվյալ խնդրին։ Սա պետք է անպայման վերաբերի նաև պաշտպանության ու անվտանգության ոլորտներին։ Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը և նրանց համար հավասար հնարավորությունների երաշխավորումը պետք է առաջնահերթ դերակատարություն ունենան, քանի որ հնարավոր չէ պատկերացնել նշված ոլորտներում արդյունավետ համակարգի առկայություն՝ առանց հավասար ներգրավվածության»,- ասաց Մանասյանը։

Նա հավելեց, որ վերջին տարիների կտրվածքով գրանցվել են բազմաթիվ փոփոխություններ թե՛ օրենսդրական, թե՛ գործնական մակարդակում, և դրանք իսկապես ակնառու են։ 

«Առկա են նաև տարատեսակ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հասցեագրել, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ ձևաչափով երաշխավորել կանանց պատշաճ ներգրավվածությունը պաշտպանության և անվտանգության համակարգերում։ Մեր արձանագրած հիմնական խնդիրը վերաբերում է կանանց ներգրավվածության ցածր մակարդակին և կանանց առաջխաղացման հետ կապված պրոբլեմներին։ Երբ խոսում ենք կանանց ներգրավվածության ձևաչափի մասին, ապա չպետք է նկատի ունենալ զուտ քանակական բաղադրիչը, թեև դա նույնպես կարևոր է, բայց ավելի էական է կանանց դերակատարության բարձրացումը։ Ուրախալի է, որ այդ խնդիրները հընթացս կարգավորման փուլում են»,- ասաց ՄԻՊ-ը։ 

Մանասյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ կանայք վերոհիշյալ ոլորտներում ունենան նաև որոշակի դերակատարում որոշումների կայացման գործում։ Ըստ այդմ՝ Հայաստանում իրավիճակն այդ առումով պետք է բարելավվի։ 

«Մենք բավականին շատ դիմումներ ունենք զինված ուժերում ծառայող կանանցից, որոնք խոսում են ծառայության ընթացում ունեցած խնդիրների մասին, որոնք  տարատեսակ են։ Առաջին հերթին դրանք վերաբերում են այն կարծրատիպերին, որոնք առնչվում են կանանց անձնական կյանքին և այլ հարցերին։ Այդ կարծրատիպերը միանշանակ ազդում են զինծառայության շրջանակում կանանց իրավունքների պաշտպանության վրա, հետևաբար մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում իրավասու մարմինների հետ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Առաջնահերթ պետք է հաղթահարվեն կարծրատիպերը, և կանանց ներգրավվածության ընդլայնումն իրականացվի խթանիչ գործիքակազմով։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի նաև զինծառայության համակարգը խտրականությունից զերծ լինի»,- եզրափակեց Մանասյանը։ 

Վրաստանում տեղակայված ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը նշեց, որ նման համաժողովի կազմակերպումը տեղին է և անցկացվում է ճիշտ ժամանակին։

«Միասին աշխատել ենք Հայաստանի ՄԻՊ-ի գրասենյակի հետ, ինչպես նաև «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության գրասենյակի ու ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հաստատությունների հետ։ Այսօր մեզ հետ է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ով զբաղվում է կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով։ Մենք այս տարի նշում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման 25-ամյա հոբելյանը, որը նվիրված է կանանց անվտանգության և իրավունքների պաշտպանության հարցերին։ Տվյալ համաժողովում նույնպես քննարկման առարկա է դառնալու կանանց ներգրավվածության խնդիրն անվտանգության և պաշտպանության ոլորտներում, ինչն արդյունավետ համակարգի ձևավորման երաշխիքն է»,- նշեց Վիննիկովը։ 

Նրա համոզմամբ՝ երբ կանայք ամբողջությամբ ներգրավվում են կարևոր գործընթացներում, դրա շնորհիվ անվտանգության, պաշտպանության բնագավառները դառնում են ավելի կայուն և գործում են ավելի արդյունավետ։ Վիննիկովի տեղեկացմամբ՝ համաժողովի ընթացքում քննարկման առարկա է դառնալու ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան փորձը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իռեն Ֆելինը նշեց, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված 1325 բանաձևն անչափ կարևոր է ու նպատակային, քանզի նախատեսում է կանանց ակտիվ մասնակցություն երկրների անվտանգության կայացման, գլոբալ խաղաղության հաստատման և այլ գործընթացներում։  

«Բանաձևը կոչ է անում ամեն կերպ պաշտպանել կանանց իրավունքները՝ կանխարգելելով տարատեսակ բռնությունները նրանց նկատմամբ ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական իրավիճակներում։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում շատ կարևոր է, որ կանայք ամբողջովին ինտեգրված լինեն խաղաղության ու համապարփակ անվտանգության ապահովման գործընթացներում։ Յուրաքանչյուր երկրում կանայք և տղամարդիկ հավասարապես պայքարում են՝ պաշտպանելով իրենց հայրենիքը, հետևաբար պետք է ամբողջությամբ օգտագործվի և՛ տղամարդկանց, և՛ կանանց ներուժը։ Այսօրվա համաժողովում մենք կկենտրոնանանք այն հարցի վրա, թե Հայաստանն ինչպիսի ջանքեր է գործադրում կանանց զինված ուժերում և այլ ուժային կառույցներում ինտեգրելու ճանապարհին։ Մենք, անշուշտ, կներկայացնենք նաև միջազգային փորձը նմանատիպ գործընթացներում»,- ասաց Ֆելինը։           

Համաժողովի ընթացքում բանախոսները քննարկեցին «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակում Հայաստանի ազգային գործողությունների պլանը՝ անդրադառնալով ձեռք բերված առաջընթացին և մատնանշելով հետագա զարգացման առաջնահերթ ուղղությունները։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում