Տնտեսություն

Formula 1-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համատեղ նախաձեռնություններ սկսելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Formula 1-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համատեղ նախաձեռնություններ սկսելու հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում հանդիպել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (Fédération Internationale de l'Automobile, FIA) զարգացման գծով գլխավոր տնօրեն Հաբիբ Տուրկիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի (այդ թվում՝ Formula 1-ի) միջև հնարավոր համագործակցության ուղղությունները՝ շարժունակության և ճանապարհային անվտանգության քաղաքականության կատարելագործման, քաղաքային տրանսպորտային համակարգերի արդիականացման, ինչպես նաև ավտոմոբիլային և նորարարական տեխնոլոգիաների ներդրումային նախաձեռնությունների զարգացման ոլորտներում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման տեսլականը՝ ընդգծելով միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը։

Հաբիբ Տուրկին նշել է, որ FIA-ն (Formula 1) պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համատեղ նախաձեռնությունների ձևավորման հնարավորությունները՝ ուղղված ոլորտային կարողությունների զարգացմանը և ենթակառուցվածքների կատարելագործմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային կապը՝ նպատակ ունենալով ձևակերպել համագործակցության հստակ օրակարգ և մշակել առաջիկա քայլերը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում