Պապոյանը հույս ունի, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղով
2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնում, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով թե Ղազախստանից, թե Ռուսաստանից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներում՝ անդրադառնալով ղազախական ցորենի ներմուծման վերաբերյալ հարցին:
«Այս առումով 2 կարևոր միջոցառում է տեղի ունենում: Ես հուսով եմ, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով, որը տնտեսապես շատ նպատակահարմար է՝ ընդ որում և Ղազախստանից, և Ռուսաստանից: Եվ ղազախական ցորենի, և ռուսական ցորենի ինքնարժեքը երկաթուղային ճանապարհով Հայաստան գալու պարագայում էապես իջնում է»,-ասաց Պապոյանը:
Նախարարը հայտնեց, որ առաջիկա օրերին համապատասխան հայտարարություններ ու միջոցառումներ կլինեն:
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,- Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Իլհամ Ալիևը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանը վերացնում է Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ իր տարածքով բեռնատարների տարանցման արգելքը: