Փաշինյանը փախստականների վերադարձի օրակարգը համարում է վտանգավոր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար վտանգավոր է համարում փախստականների վերադարձի և ներքին տեղահանվածների օրակարգը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը խոսեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:
Վարչապետն ընդգծեց՝ այս թեման տարբեր շրջանակներում բարձրացնում են, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, բայց միաժամանակ նշում են, որ երկու երկրների քաղաքացիները կարող են որոշակի հոգեբանական բարդություններ ունենալ միմյանց սահմանային և մաքսային ծառայությունների հետ առնչվելիս:
«Նույնիսկ 20 վայրկյան կոնտակտը համարում ենք պրոբլեմատիկ, բայց հետո Հայաստանում, օրինակ՝ ասում են, որ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից տեղահանվածները պետք է վերադառնան»,- ասաց վարչապետը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 3-ին հայտարարել էր, թե «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»։ Ալիևը հիշեցրել էր նախկինում իր արած հայտարարությունը, որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։