Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին Ադրբեջանի նախապայմանին

4 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին Ադրբեջանի նախապայմանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև առկա բոլոր խնդրահարույց թեմաները, այդ թվում՝ Ադրբեջանի պնդմամբ ՀՀ Սահմանադրության շուրջ գոյություն ունեցող հարցերը, կարելի է լուծել կողմերի միջև արդեն իսկ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմամբ և վավերացմամբ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը նշել է Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակներում «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող պահանջին և անհանգստություններին։  

«Ադրբեջանը բարձրացնում է այդ թեման, բայց իրավիճակը հետևյալն է․ 2024 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, ինչը բարձրագույն մակարդակի իրավական որոշում է, որ Հայաստանի Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ իր որևէ հարևանի նկատմամբ չի պարունակում»,-շեշտել է վարչապետը»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում բազմաթիվ դրույթներ կան այն մասին, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել նաև ապագայում։

«Խաղաղության պայմանագրում, որն արդեն նախաստորագրված է, բոլոր առերևույթ թեմաները հասցեագրված են, այսինքն՝ չկա այդպիսի խնդիր մեր պարագայում, ուստի, նույնիսկ եթե կարող են ինչ-որ ենթադրություններ կամ պնդումներ լինել, ապա խաղաղության համաձայնագիրը բոլոր հարցերին անդրադառնում է։ Բոլոր այդ թեմաները փակելու և լուծելու համար մեզ անհրաժեշտ է ստորագրել և վավերացնել պայմանագիրը, և դրանից հետո այն ձեռք կբերի բարձրագույն իրավաբանական ուժ, ու այլ մեկնաբանությունների հնարավորություն չի լինի»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը։ 

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ստորագրելու համար Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման ներկայացնել ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը։ Ադրբեջանը մասնավորապես պնդում է, որ Սահմանադրությունից պետք է դուրս գա հղումը ՀՀ Անկախության հռչակագրին, որում խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի մասին։ 

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է Հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում, հետևաբար ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի չկա: 

Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օրերս հայտարարել էր, որ Հայաստանը չի ընդունում ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին Ադրբեջանի նախապայմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում