Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու  Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև  համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ Պապոյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:

Հանդիպման ընթացքում նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունքները, որոնք միտված են Հայաստանի տնտեսության կայուն աճի խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումների ներգրավմանը։

«Եվրամիության երկրների ընկերությունների համար Հայաստանում ներդրումներ իրականացնելը դյուրացնելու նպատակով մեր կառավարությունը ներդրել է պարզեցված լիցենզավորման ընթացակարգ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, տրանսպորտը, փոստային ծառայություններն ու անվտանգությունը, որից կարող են օգտվել նաև շվեդական ընկերությունները», - նշել է Գևորգ Պապոյանը:

Նախարարն իր խոսքում նաև անդրադարձել է 2025 - 2030 թվականների  արտահանման ռազմավարությանը, որը հիմնված է արտադրության դիվերսիֆիկացման, հայկական ապրանքների մրցունակության բարձրացման, ինչպես նաև նոր շուկաներում հայկական ընկերությունների արտադրության առաջմղմանը: Այս համատեքստում նախարար Պապոյանը կարևորել է Շվեդիայի հետ փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը:

Քննարկվել են նաև Հայաստան-Շվեդիա առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ՓՄՁ զարգացմանը, «Պետություն-մասնավոր երկխոսությանը», գյուղատնտեսության և կանաչ տնտեսության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Երկուստեք ընդգծվել է B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպման կարևորությունը՝ երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությունն ընդլայնելու և փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում