Հայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները
2 րոպեի ընթերցում

Հայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը ևս վերացնելու է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները»,- ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ավելի վաղ արված հայտարարությանը, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի խմբաքանակի տարանցմանը դեպի Հայաստան՝ վարչապետն ասել է, որ այն Հայաստան կբերվի երկաթուղային ճանապարհով:
«Դա տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով»,- ասաց վարչապետը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,- Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։
Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։