Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու գործի շրջանակներում ձերբակալվել է 33 անձ
2 րոպեի ընթերցում

Գյումրիում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ցույցերից հետո զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է 33 անձ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է»,- նշեցին ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 20-ին քննչական գործողություններ էին իրականացվում Գյումրիի համայնքապետարանում։ Քննչական գործողություններին զուգահեռ համայնքապետարանի դիմաց հավաքվել և բողոքի ակցիա էին իրականացնում Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները։ Ակցիայի ընթացքում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև, որից հետո Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին։
Գյումրիի համայնքապետարանում քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվեցին համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ՝ կաշառք պահանջելու-ստանալու մեղադրանքներով։ Վարդան Ղուկասյանը հոկտեմբերի 21-ին կալանավորվեց 2 ամիս ժամկետով։