Քաղաքականություն

Նուբար Աֆեյանը հույս ունի, որ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ ջանքերը կպսակվեն հաջողությամբ

2 րոպեի ընթերցում

Նուբար Աֆեյանը հույս ունի, որ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ ջանքերը կպսակվեն հաջողությամբ

Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր և վարչության նախագահ Նուբար Աֆեյանն անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին հարցին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Աֆեյանն ասել է, որ արդեն 2 տարի է՝ անդադար աշխատանք են տանում, որ թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ այլ երկրների ղեկավարներն այդ հարցին ուշադրություն դարձնեն։ «Փորձում են, հուսով եմ, որ կհաջողենք։ Ես գիտեմ, որ թեման կարևոր է, և տաբեր երկրներից էլ այս հարցը բարձրացվում է։ Հուսով եմ, որ վերջիվերջո այս խաղաղության գործընթացը կհանգեցնի խաղաղության և արդարության։ Ես հավատում եմ, որ խաղաղությունը կարևոր է բոլոր տեսանկյուններից»,- Silicon Mountains-2025 տեխնոլոգիական համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց Աֆեյանը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցով։ 

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերու առկայությունը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում