Փաշինյանը ներկայացրել է իր տարբերակները, թե ինչու կյանքի չեն կոչվել ՀՀ նախկին նախագահների կողմից նկարագրվող լուծումները ԼՂ հարցի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի երեք նախկին ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կյանքի չեն կոչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։
Փաշինյանը ներկայացրել է իր տարբերակները, թե ինչու այդ լուծումները կյանքի չեն կոչվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութով։
«Ինչո՞ւ ուրեմն Հայաստանի բոլոր երեք նախկին ղեկավարները չեն իրականացրել Ղարաբաղի հարցի՝ իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։ Սրա համար կարող է լինել երկու տարբերակ. առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն՝ գուցե, ծառայելով ոչ թե Հայաստանի. այլ օտար երկրների շահերին՝ մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից։ Եվ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- ասել է Փաշինյանը։