Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով նախարարական համաժողովին

8 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվիրակությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով նախարարական 10-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել Մալթայի Վալետա քաղաքում: 

Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը և ԿԳՄՍՆ աջակցությամբ հիմնադրված «Ախուրյանի երիտասարդական հաբի» ներկայացուցիչ Շուշան Բոյախչյանը։ Համաժողովն անցկացվել է Մալթայի նախագահությամբ՝ «Երիտասարդները հանուն ժողովրդավարության. երիտասարդության հեռանկարները գործողության մեջ» խորագրի ներքո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ԵԽ համաժողովի ընթացակարգի համաձայն՝ ՀՀ երիտասարդության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, բարեփոխումները, ձեռքբերումներն ու ընթացիկ ծրագրերը որպես լիազոր մարմնի պատասխանատու՝ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ որպես երիտասարդության ոլորտի ներկայացուցիչ՝ Շուշան Բոյախչյանը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու երիտասարդների կարողությունների համակողմանի զարգացումը, նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում և տարբեր մարզերում երիտասարդների կարիքներին ու հետաքրքրություններին համապատասխան միջավայրերի ձևավորումը։ Նրա խոսքով՝ այդ մոտեցման առանցքում ընկած է երիտասարդներին որպես երկրի զարգացման շարժիչ ուժ դիտարկելու հայեցակարգային սկզբունքը։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է այս տարի ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին՝ շեշտելով, որ այն միտված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ և մրցունակ երիտասարդության ձևավորմանը և նպատակ ունի բարձրացնել երիտասարդության դերակատարումը պետության և հասարակության զարգացման գործում։

«Օրենքի մշակման գործընթացը տեղի է ունեցել լայն հանրային քննարկումների արդյունքում՝ ապահովելով ժողովրդավարական մասնակցության սկզբունքները։ Օրենքը մշակվել է երիտասարդների հետ միասին՝ երիտասարդների կողմից, երիտասարդների համար»,- շեշտել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ նոր օրենքը ՀՀ-ում պետական երիտասարդական քաղաքականության շրջանակային առաջին կարևոր փաստաթուղթն է, որը սահմանում է ոլորտի հիմնական սուբյեկտներին՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, երիտասարդական կենտրոններ, երիտասարդական աշխատողներ, կազմակերպություններ և նախաձեռնող խմբեր։ Փաստաթուղթը նաև կարգավորում է պետության և քաղաքացիական հասարակության համատեղ խորհրդակցական ձայնի ներկայացուցչությունը միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Եվրոպական երիտասարդական ֆորումում։

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարության և երիտասարդական կառույցների ու երիտասարդների կողմից համատեղ մշակված իրավական փաստաթղթի համաձայն՝ ՀՀ բոլոր համայնքներում ստեղծվում են երիտասարդական միջավայրեր՝ ուղղված երիտասարդների կարիքների բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, հետաքրքրությունների բավարարմանը, ակտիվ քաղաքացիության խթանմանը և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման հնարավորությունների ընդլայնմանը։

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև երիտասարդական աշխատանքի ինստիտուտի զարգացումը՝ ընդգծելով երիտասարդական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ընթացիկ գործընթացները։ Նա կարևորել է միջազգային համագործակցության ընդլայնումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ նպատակ ունենալով Հայաստանում ներդնել երիտասարդական քաղաքականության լավագույն եվրոպական փորձը։

«Այս առումով կարևորում եմ Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների՝ CDEJ-ի և CMJ-ի շրջանակում Հայաստանի շարունակական ներգրավվածությունը՝ որպես երկխոսության արդյունավետ հարթակ։ Երիտասարդական քաղաքականության ոլորտում մենք փորձում ենք տեղայնացնել եվրոպական լավագույն փորձը, և դրա լավագույն վկայություններից մեկն էլ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակումն ու ընդունումն է։ Պատրաստ ենք ԵԽ մեր գործընկերների և անդամ երկրների հետ կիսվել երիտասարդական քաղաքականության ոլորտի մեր փորձառությամբ և ձեռքբերումներով, ինչպես նաև տրամադրել հարթակ՝ տարածաշրջանային մակարդակով երկխոսություն ծավալելու համար»,– ընդգծել է նախարարի տեղակալը։

Երիտասարդական կառույցի ներկայացուցիչ, ՀՀ պատվիրակ Շուշան Բոյախչյանը ևս փաստել է, որ օրենքի մշակումը եղել է իրական մասնակցային գործընթաց։

«Որպես աշխատանքային խմբի անդամ՝ կարող եմ ասել, որ սա վերջին տարիների ամենամասնակցային օրենսդրական գործընթացն էր, որտեղ երիտասարդների ձայնը ոչ միայն լսելի էր, այլև ազդեցիկ»,– նշել է նա։

Շուշան Բոյախչյանը ներկայացրել է նաև Ախուրյանի երիտասարդական կենտրոնի օրինակը, որը հիմնադրվել է 2024 թվականին ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ՝ համայնքային զարգացման և երիտասարդական ներուժի ակտիվացման նպատակով։ Նրա խոսքով՝ համայնքապետարանը ստանձնել է կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերի և գործառնական ծախսերի ֆինանսավորումը, իսկ նույն մասնակցային մոտեցման արդյունքում Ախուրյանում ներդրվել է մասնակցային բյուջետավորման ծրագիր, որը հաջողությամբ իրականացվում է արդեն երկու տարի։

«Օրենքից բխող պարտավորության համաձայն՝ համայնքը սկսել է մշակել իր տեղական երիտասարդական քաղաքականությունը՝ EU4Youth ծրագրի և «Պանդո» ՀԿ-ի աջակցությամբ։ Սա վկայում է, թե ինչպես կարող է իրական մասնակցությունը փոխել համայնքների կյանքը»,– նշել է Բոյախչյանը։

Համաժողովի բացմանը ելույթ են ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենը, Մալթայի կրթության, սպորտի, երիտասարդության, հետազոտությունների և նորարարության նախարար Քլիֆթոն Գրիման։

Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով նախարարական նախորդ համաժողովն անցկացվել էր 13 տարի առաջ: Մալթայում կազմակերպված 10-րդ համաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ 44 պետությունների՝ երիտասարդության ոլորտը համակարգող պետական կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպություններ և երիտասարդ պատվիրակներ։

Համաժողովի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են Եվրոպական երիտասարդական քաղաքականության փաստաթղթերի և հռչակագրերի ընդունման առնչվող հարցեր։ Նախարարական հաջորդ՝ 11-րդ համաժողովը կանցկացվի Լյուքսենբուրգում 2028 թվականին: Համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցությունն ապահովվել է UNICEF-ի և GIZ-ի աջակցությամբ:

Աշխատանքային այցի ընթացքում Արթուր Մարտիրոսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Մալթայի թագավորության, Լատվիայի և Խորվաթիայի երիտասարդության ոլորտը համակարգող նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երիտասարդության ոլորտում փորձի փոխանակման և երիտասարդության շարժունակության համակարգի ներդրման հնարավորությունները։ 

Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Հունգարիայի, Բելգիայի և Լիտվիայի պատվիրակությունների հետ՝ քննարկելով երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։

Հայերեն العربية

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱԷՄԳ մուտքը միջուկային օբյեկտներ կախված է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

«Նոր ուժ» և «Հանուն Հանրապետության» դաշինք կուսակցությունները դիմել են ՍԴ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության ամենամյա համաժողովին

Ծովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ

Բուլղարացի աշակերտները չորս մեդալ են նվաճել Շվեդիայում անցկացված Ֆիզիկայի եվրոպական օլիմպիադայում

ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

Իրական խնդիրներից մինչև իրական լուծումներ․ մեկնարկել է CaseKey 2026-ը

ԵՄ ղեկավարները չեն կարողանում որոշել՝ ով բանակցություններ կվարի Մոսկվայի հետ. Չեխիայի վարչապետ