Տնտեսություն

Այս տարի 200 հազար տոննա խաղողի մթերում է նախատեսվում. նախարար

2 րոպեի ընթերցում

Այս տարի 200 հազար տոննա խաղողի մթերում է նախատեսվում. նախարար

Հայաստանում 2025 թվականին նախատեսվում է խաղողի մթերման ծավալները հասցնել մինչև 200 հազար տոննայի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հոկտեմբերի 9-ի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով մթերողներին աջակցության նոր նախագիծը։

Նախարարի խոսքով՝ խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունները խնդիրների են բախվել շրջանառու միջոցների անբավարարության և ազատ գրավի սակավության պատճառով։ Նա նշեց, որ դրանք լուծելու նպատակով նախագծով առաջարկվում է պետական երաշխիքների տրամադրում՝ ապահովման միջոցների ոչ բավարար մակարդակի դեպքում։ 

«Սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը կառավարությունը կտրամադրի մինչև 50 տոկոս բյուջետային երաշխիք, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարի արտահանված արտադրանքի արժեքը։ Վարկերը կտրամադրվեն առավելագույնը 27 ամիս մարման ժամկետով»,- ասաց նախարարը։

Միևնույն ժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ խաղողագործների հետ պայմանագրերի կնքման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը, ինչը թույլ կտա նաև այն խաղողագործներին մասնակցել մթերումներին, որոնք մինչ այժմ պայմանագիր չեն ունեցել։   

Նախարարի ներկայացրած տվյալներով՝ խաղողի մթերումները սկսվել են օգոստոսին՝ շուրջ 50 մթերման կետերում։ Հոկտեմբերի 9-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող, ինչը 20 հազար տոննայով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (147 հազար տոննա)։ 

«Պլանավորում է, որ այս տարի մինչև 200 հազար տոննա խաղող կմթերվի»,-ընդգծեց Պապոյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում