Իրավունք

Անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2003 թ․ առուվաճառքի պայմանագիրը․ հողամասն ամրացվեց Պետգույքի կոմիտեին

2 րոպեի ընթերցում

Անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2003 թ․ առուվաճառքի պայմանագիրը․ հողամասն ամրացվեց Պետգույքի կոմիտեին

Հայաստանի կառավարությունը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացրեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող 18 մլն 293 հազար 121 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 735 քմ հողամասը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի հոկտեմբերի 2-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարինե Ղալեչյանը հայտնեց, որ հողամասը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատական ակտով։

«Ակտով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի և Մարինե Վարդանյանի միջև 01․02․2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը ու դրա հիման վրա Երևան քաղաքի Առաջփնյակ համայնքի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող 735 քմ հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցումը»,- ասաց Ղալեչյանը։

Վճռի հիման վրա՝ 2025թ․ օգոստոսի 5-ին, նշված հասցեում գտնվող հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

«Սա պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում էր, մեր հերթական հայցադիմումն է, փոխկապակցված է քրեական վարույթի հետ, որը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, դատարանը մեր հայցը բավարարել էր, անվավեր էր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը։ Կիրառել էր անվավերության հետանքներ»,- նշեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը ներկայացրեց նաև վերջին 9 ամիսների ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքը։

«Մենք Հայաստանի Հանրապետությանն ենք վերադարձրել միայն այս լիազորության շրջանակում շուրջ 10 մլն 276 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 3 մլրդ 933 մլն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 280 հազար 338 քմ մակերեսով անշարժ գույք, երկու մանկապարտեզ և մեկ մարզադաշտ»,- ասաց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազությունը նույն լիազորությունների շրջանակում բռնագանձել է նաև 654 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 249 մլն դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում